«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ԼՈՌՎԱ ՁՈՐ. ԴԵԲԵԴԻ ՀՈՎՏԻ ԳՈՒՅՆԵՐԸ

Նախորդ օրը ՀՀ նկարիչների միությունում «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Լոռվա Ձոր. Դեբեդի հովտի գույները» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրվում է Հայաստանի անկախության 20-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ նկարիչների միության, Լոռու եւ Տավուշի մարզպետարանների, «Փյունիկ» հիմնադրամի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից: Ցուցահանդեսին ներկայացված են 28 տարբեր ձեռագրեր ունեցող նկարիչների աշխատանքներ` Լեմս Ներսիսյան, Արմեն Աթայանը, Հրանտ Մադեւոսյանը, Հայկ Միքայելյանը, Գագիկ Ավետիսյանը, Գեւորգ Մշեցին, Թորոս Թորոսյանը, Վոլոդյա Գասպարյանը եւ այլք:

Լոռին ներկայացված էր ամբողջությամբ, եւ նրանք իրենց ստեղծագործություններում պատկերել են` Դեբեդը, Օձունը, Հաղբատը, Ալավերդին, Սանահինը, Ախթալան, Մշավանքը եւ Կողբը: Ցուցահանդեսին մասնակցել են տարբեր տարիքային խմբերի ստեղծագործողներ` ամենակրտսերը 20 տարեկան է, իսկ ամենատարեցըՙ 90:

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը ցուցահանդեսի մասին ասաց. «Այս անգամ նկարչական փառատոնի մասնակիցներին գրավեց Դեբեդի հովիտը` իր բնաշխարհով, մարդկանցով, պատմաճարտարապետական հուշարձաններով: Յուրաքանչյուր բնակավայրում ամեն մի նկարիչ իրեն հոգեհարազատ պատկերներ էր գտնում եւ հավերժացնում գույների լեզվով: Իսկ գույների լեզուն ավելի քան խոսուն է` քանզի շատ նկարների հենքում հենց Դեբեդն է»:

«Լոռվա ձոր. Դեբեդի հովտի գույները» նկարչական փառատոնի օրերին ստեղծված աշխատանքների մի մասը ցուցադրվել է Վանաձորի պատկերասրահում, եւ այս առթիվ Սերգո Երիցյանն ասաց, որ իրենք հավատարիմ են մնացել իրենց սկզբունքին` աշխատանքները պետք է ցուցադրվեն այնտեղ, որտեղ ստեղծվել են: Այլ խոսքով, առաջինը հենց տարածաշրջանի մարդիկ են ծանոթացել իրենց հարազատ վայրի նկարչական անդրադարձին:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 5-ը:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4