«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ ԿՄՐՑԵՆ 79 ՀԱՂԹՈՂ

«Ազգը» պարբերաբար անդրադարձել է շուրջ երեք ամիս առաջ մեկնարկած «Հանրապետական մանկապատանեկան ասմունքի փառատոնի» մարզային փուլերին: Երեկ Երեւանի Ռ. Սեւակի անվան դպրոցում կայացավ երեւանյան եզրափակիչ փուլը: Փառատոնի մասնակիցներին իրենց հրաշալի երգերով ողջունեցին դպրոցի երգչախմբի սաները (խմբավար Ռուզաննա Օհանջանյան): Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը տեղեկացրեց, որ քաղաքի 185 դպրոցներից փառատոնին մասնակցել են 3000 աշակերտ, որոնցից 40-ը մասնակցեց եզրափակիչում: Ժյուրիի որոշմամբ 6-ը հնարավորություն ստացան մրցելու հանրապետական եզրափակիչ փուլին: Հաղթողներին շնորհավորեցին եւ արեւմտահայ պոեզիայի գոհարներից ասմունքեցին ՀՀ վաստ. արտիստ Սարգիս Նաջարյանը եւ Սեմ Ասատրյանը: Երեւանի կինոյի եւ թատրոնի պետ. ինստիտուտի պրոռեկտոր, ՀՀ արվեստի վաստ. գործիչ Անետա Երզնկյանը ցուցումներ տվեց, թե ինչպես պետք է ասմունքել եւ թե ինչ շեշտադրումներ պետք է արվեն արեւմտահայ պոեզիան ընթերցելիս:

Այսպիսով, Արցախում, Ջավախքում եւ ՀՀ մարզերում եզրափակիչ փուլը ավարտվեց եւ պարզ դարձավ, որ փառատոնին մասնակցած 1592 դպրոցներից մասնակցել են 123.000 աշակերտ, որոնցից 79 հաղթող կմրցի հանրապետական եզրափակիչում եւ նրանցից 18 լավագույնները կարժանանան ԱԺ նախկին նախագահ, փառատոնի հովանավոր Հովիկ Աբրահամյանի կողմից սահմանված մրցանակներինՙ գալա համերգի ընթացքում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4