Ֆրանսիայի Նիցա քաղաքում 37-րդ անգամ կազմակերպված ֆրանսիացի հանրահայտ ըմբիշ Անրի Դելանիի հուշամրցաշարում գերազանց հանդես եկավ Հայաստանի միակ ներկայացուցիչ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւը: Նա վստահ հաղթանակներ տոնեց ռուս Անդրեյ Կոպիլովի, գերմանացի Քրիստիան Ջոնի եւ Ֆրանսիան ներկայացնող Յանիկ Սչեպանյակի նկատմամբ ու դարձավ հուշամրցաշարի հաղթող:
Հաղթողի կոչմանը մոտ էր նաեւ ՌԴ-ի պատվիրակ, 55 կգ քաշային Արտաշես Ադամյանը, որը եզրափակիչում պարտվեց իր համերկրացի Վալերի Բորգոյկովին ու գրավեց 2-րդ տեղը: 66 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Ֆրանսիան ներկայացնող Արտակ Մարգարյանը:
Ազատ ոճի ըմբիշների մրցավեճում էլ հայազգի մարզիկները հաջողության հասան: Գերծանրքաշային կարգում Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկած Գոռ Աբրահամյանը եզրափակիչում պարտվեց գերմանացի Նիկ Մատուին եւ արժանացավ արծաթե մեդալի: Ֆրանսիան ներկայացնող մեկ այլ ըմբիշՙ Սարգիս Գրիգորյանը (66 կգ) դարձավ 3-րդ մրցանակակիր: