«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ՀՐԱՅՐ ՄԿՈՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ Է

Հայաստանում ֆուտբոլային մրցաշրջանը դեռ նոր է ավարտվել, սակայն արդեն ֆուտբոլիստներից ոմանք պատրաստվում են տեղափոխվել նոր ակումբներ: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Միկայի» պաշտպան Հրայր Մկոյանը, որի պայմանագիրը թիմի հետ ավարտվել է, մտադիր է ելույթները շարունակել արտերկրում:

Ըստ primamedia.ru կայքէջի, Հրայր Մկոյանը տեղափոխվելու է Ռուսաստանի առաջին խմբում հանդես եկող Խաբարովսկի «ԲՄԱ Էներգիա», որին մարզում է հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Այս թիմը ՌԴ առաջնությունում զբաղեցրել է 13-րդ տեղը: Ըստ կայքէջի, Մկոյանը հունվարին թիմի կազմում մասնակցելու է Կիպրոսում կամ Թուրքիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին:

Հրայր Մկոյանը armfootball.com կայքին տված հարցազրույցում հաստատել է, որ Խաբարովսկից հրավեր է ստացել: Նա նաեւ նշել է, որ հրավեր ունի Սլովակիայի «Սլովանից»: «Միկայի» պաշտպանը նաեւ հրավեր էր ստացել Իրանից, սակայն մերժել է առաջարկը: Առայժմ ընթանում են բանակցությունները եւ մոտ օրերս վերջնականապես պարզ կդառնա, թե հաջորդ մրցաշրջանում որտեղ հանդես կգա Հրայր Մկոյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4