«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ` ԱԺ ՆԱԽԱԳԱՀ, ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստ, որը վարում էր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդի նիստում քննարկված միակ` ԱԺ նախագահ-փոխնախագահի առաջադրման հարցում առանձնապես անակնկալ տեղի չունեցավ. ինչպես որ վերջին շրջանում գրում էր մամուլը, ՀՀԿ խորհրդում միաձայն որոշել են հաջորդ քառօրյայում որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանին: Այս դեպքում քանի որ առաջանալու էր ԱԺ փոխխոսնակի թափուր տեղի հարց` այս պաշտոնի համար էլ առաջադրվել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկածությունը, ընդ որում` սա էլ միաձայն ընդունված թեկնածություն է: Սա էլ վաղուց մամուլը գրել է: Իսկ ահա խմբակցության քարտուղարի ազատված տեղի համար առաջադրվել է Գագիկ Մելիքյանի թեկնածությունը, եւ էլի միաձայն:

Այս բոլորը «Ազգին» պատմեց ՀՀԿ դեռեւս խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը սակայն, մեր հարցին պատասխանելով, նշեց, թե չի պատրաստվում հրաժարվել խոսնակի իր դերից, քանի որ օրենսդրական աշխատանքը չէր խանգարում, որ խոսնակի կուսակցական պարտականությունը կատարի (ընդ որում` շատ մոբիլ), ինչո՞ւ պետք է ԱԺ փոխխոսնակի պաշտոնը խանգարի նույն պարտականությունները կատարել:

Ուրիշ հարցեր ՀՀԿ խորհրդի նիստում, ինչպես ասացինք, չեն քննարկվել: Լրագրողները մի քանի հարցի պատասխան փորձեցին ստանալ ՀՀԿ խոսնակից: Մեկ օր առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստում եղած խառնաշփոթի վերաբերյալ հարցին ի պատասխան Է. Շարմազանովը շատ չկենտրոնացավ` աժիոտաժը սովորական երեւույթ է, բայց նաեւ չի արդարացնում եղածը: Որոշ լրատվամիջոցներ նաեւ վերջին օրերին գրում են, թե ՀՀԿ շտաբի պետի պաշտոնի համար հրաժարական տված ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը դառնալու է ԲՀԿ նախընտարական շտաբի պետը: Այս լուրերին Է. Շարմազանովը խորհուրդ տվեց չհավատալ, ստեր են:

Փաստորեն լրագրողները վերջապես իրենք իրենց ազատեցին ամեն օր նույն թեմայով գրելուց, մնաց ԱԺ ղեկավարության բուն ընտրությունն արդեն եկող շաբաթ տեղի ունենալիք այս տարվա վերջին քառօրյային: Բայց էլի մի ինտրիգ մնաց` նոր պաշտոնանկություններ, ախր, չեղան...

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4