Հուշագիր միասին ճանապարհ դուրս գալու մասին
Երեկ տեղի ունեցավ մի իրադարձություն, որ կարող է հայոց ավանդական կուսակցություններից մեկի` Ռամկավար ազատական կուսակցության համար նոր հանգրվան նշանակել. երկու կուսակցություն` ՀՌԱԿ-ն ու Արմենական-ՌԱԿ-ը, որոշելով վերջ դնել տարիներով ՌԱԿ կառույցներում առկա պառակտմանը, երեկ միավորման հուշագիր ստորագրեցին` հայտարարելով միավորման գործընթաց սկսելու մասին: Հուշագիրը ստորագրեցին ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ Էդվարդ Անտինյանը եւ Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը , «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Թագուհի Փառանձեմ» սրահում: Հուշագրի ստորագրումից առաջ երկու ատենապետները լրագրողների համար բացահայտեցին միավորման շարժառիթներն ու նպատակները. «Հուշագիր ենք ստորագրում` սկսելով գործընթաց մեր միավորման ուղղությամբ կամ, եթե կուզեք, եւ ավելի ճիշտ կլինի` վերամիավորման ուղղությամբ: Հայաստանում բազմաթիվ կուսակցութունների առատությունից միշտ դժգոհում ենք բոլորս եւ ժողովուրդն արդարացիորեն, շուտով նրանցից առնվազն երկուսը կվերածվեն մեկի», կատակով նշեց Հ. Ավետիքյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է լինելու միավորված կուսակցության ղեկավարը, Հ. Ավետիքյանը նկատեց, թե այսօր միայն միավորման գործընթացն է սկսվել, այն դեռ ճանապարհ ունի անցնելու. երկու կուսակցությունները համապատասխան հանձնաժողով են ստեղծելու, որը կաշխատի տեխնիկական, նյութական, կազմակերպական հարցերի վրա, նաեւ հետագայում մեկ միավորիչ համագումար կազմակերպելու խնդիրները կհամակարգվեն: Է. Անտինյանը մոդայիկ բառով ասաց, թե ճանապարհային քարտեզը գործընկերների հետ համատեղ են ստեղծելու` առայժմ հուշագիր է ստորագրվել, որով ճանապարհ են դուրս եկել: Նա մատնանշեց հուշագրի այն կետը, որով առաջիկայում նոր միավորված կուսակցության քաղաքական կուրսն է ընտրվելու` խորհրդարանական ընտրությունների հանդեպ վերաբերմունք եւ գործընկերների ընտրություն, որոնք արվելու են արդեն միասնաբար: Կուսակցության անվան մասով Է. Անտինյանը նշեց, թե անունն, անշուշտ «Ռամկավար-Ազատական» կլինի` անձնական ամբիցիաներ չկան, միակ հավակնությունն այն է, որ ավանդական կուսակցություններից մեկը միավորվի. «Ամեն ինչ ավարտված չէ, ոչ մեկը խաղից դուրս չէ: Միասին ենք անելու` լինեն Սփյուռքի թե մեր այստեղի գործընկերները: Կլինե՞ն լիբերալ-դեմոկրատական դաշտում այլ կուսակցություններ, որ կցանկանան միավորվել, կգան` ամեն ինչ միասին կանենք», ասաց Է. Անտինյանը:
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված քաղաքական այս երկու ուժերի միավորումը, Հ. Ավետիքյանը մատնանշեց նախ գաղափարական նույնությունն ու պատմությունը, հիշեցնելով Արմենական-Ռամկավար կուսակցության հիմնադիր համագումարին իր զեկուցումը, որտեղ դեռ երեքուկես տարի առաջ շեշտել էր, թե կուսակցությունը ստեղծվում է, որպեսզի միավորվի. «Մի քիչ պարադոքսալ երեւույթ էր այն ժամանակ թվում, բայց Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության դեպքում հիմնադիրները եւ բոլորը` գրեթե 90 տոկոսը, Ռամկավար-Ազատական կուսակցության անդամներ են եղել դեռ 90-ական թվականներից, երբ կուսակցությունը Հայաստանում հաստատվեց եւ խորհրդարանում կազմեց-ունեցավ թվով երկրորդ մեծ խմբակցությունը: Ինչ-ինչ հանգամանքների պատճառով կուսակցությունը պառակտվեց, տարակարծություններ եղան: Հիմա, երբ մենք միավորվում ենք, մեր նպատակն է վերջնականապես Հայաստանում վերահաստատել ՌԱԿ-ը`որպես մեկ եւ միասնական կազմակերպություն, անմիջական համագործակցություն ստեղծելով Սփյուռքի 12-13 գաղութներում գործող ՌԱԿ կառույցների հետ: Սա է մեր նպատակը: Միավորումը նշանակում է ուժ, նշանակում է` ուժեղացնում ենք միավորվող կառույցները»:
Հարցեր եղան Հարություն Առաքելյանի շուրջը ստեղծված պատմությանը, ընդ որում` Հ. Ավետիքյանն այս բոլորին նայեց առավել ընդգրկուն հայացքով` որպես նախադեպ Հայաստանին արվող նվիրատվությունները փոշիացնելու կարծիք ամրապնդելու առումով. «Մինչեւ 2003 թվականը ՌԱԿ-ը Հայաստանում ուներ 5 գրասենյակ, կենտրոնական գրասենյակը` Երեւանում: Մեկուկես տարի առաջ Վանաձորի գրասենյակի նվիրատու-բարերարը` Բաբկեն Մկրյանը, եկավ եւ ուզեց տեսնել իր նվիրած շենքը, քանի որ նրան ասվել էր, որ այն արդեն գոյություն չունի, վաճառվել է: Հետաքննություն կատարեցինք, եւ 5-6 հրապարակում ունեցանք «Ազգում»` ռամկավարները պահանջում էին, որ այդ գրասենյակների վաճառման, օտարման, նվիրատվության, նվիրաբերման բոլոր ծալքերը բացվեն: Գործ է հարուցվել, քանի որ այսօր հեշտ բան չէ գրասենյակ ստեղծել այդ տարածքներում: Առավել եւս, որ նույն բարերարին, ով երկքաղաքացի է, այսինքն` նաեւ Հայաստանի քաղաքացի, խնդրեցի, որ նյութապես մեզ օգներ, ասաց` «այն առաջին օգնությունը, որ տվեցի, դա ի՞նչ եղավ, որ երկրորդ անգամ տամ»: Սա ամբողջ Հայաստանին է վերաբերում, ոչ միայն մեր կուսակցությանը` նվիրաբերում են, փոշիանում է, հատկապես Սփյուռքի պարագայում, եւ այդպիսի մտածելակերպը վնասում է ողջ Հայաստանին»:
Քրեական գործի շրջանակում քննիչները հանդիպել են եւ Հ. Ավետիքյանին եւ Է. Անտինյանին: Հ. Ավետիքյանը նշեց, որ քննիչները եկել են խմբագրություն եւ հրապարակումների հիմնավորումներ են ուզել, որոնք տրամադրվել են: Իսկ ահա Է. Անտինյանի հետ երկու անգամ են հանդիպել, Անտինյանը նրանց ասելու բան չի ունեցել, քանի որ այդ տարածքները նրա օրոք չեն օտարվել:
Ավարտելով երեկվա, կարելի է ասել, շրջադարձային միավորման հայտարարության մասին մեր հրապարակումը, նշենք, որ վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտի պառակտումային ֆոնին, սկսված գործընթացը հաջողելու դեպքում կարող է բարերար ազդեցություն ունենալ ոչ միայն պառակտված ՌԱԿ-ը միավորված ու գործուն կառույց դարձնելու առումով, այլեւ ընդհանրապես կարող է օրինակելի լինել այլ քաղաքական ուժերի համար: Ի վերջո` այս միավորվող կուսակցություններն իրենց հավակնությունները ստորադասել են միավորման գերադաս գաղափարին:
Ներկայացնում ենք հանգրվանային նշանակության հուշագիրն ամբողջությամբ` սփյուռքում հատկապես միավորման նկատմամբ հետաքրքրությունը նկատի առնելով:
ՀՈՒՇԱԳԻՐ
ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների միավորման մասին
Արդեն տեւական ժամանակ է, որ Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարակիրները պառակտված վիճակում են, ինչն անհանդուրժելի է հայ ժողովրդի քաղաքական պատմության հնագույն-ավանդական կուսակցության համար: Հետեւաբար ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունները հանդիսանալով Ռամկավար Ազատական գաղափարախոսության եւ նրա արժեքների կրողները, հայտարարում են, որ.
1. սկսում են միավորման գործընթաց, որի նպատակն է ընդմիշտ վերջ տալ տարիներով ձգվող պառակտմանը եւ ստեղծել մեկ միասնական կուսակցություն,
2. կազմում են կուսակցությունների միավորման գործընթացի տեխնիկական եւ հարակից խնդիրները կարգավորող ժամանակավոր հանձնախումբՙ երկու կուսակցությունների ատենապետերի ղեկավարությամբ,
3. կոչ են անում ՀՀ-ում բնակվող բոլոր կուսակցական ընկերներին եւ կառույցներին` սատարել, նպաստել եւ մաս կազմել այս միավորմանը,
4. կարեւորելով ՌԱԿ սփյուռքյան կառույցների դերը կոչ են անում նրանց` Հայաստանի օրինակով սկսել վերամիավորման գործընթաց, նաեւ դառնալով հայաստանյան կառույցների միավորման ուղղակի մասնակիցը եւ աջակիցը,
5. հրավիրում են նաեւ Հայաստանում գործող լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսությունը դավանող կուսակցություններին միանալ այս նախաձեռնությանը:
Հաշվի առնելով, որ միավորումը ենթադրում է պարտադիր ընթացակարգ եւ այն կարող է տեւել որոշակի ժամանակահատված, կողմերը պայմանավորվում են մինչեւ դրա ավարտը մշակել միասնական մոտեցում` թե՛ քաղաքական կուրսի ընտրության, թե՛ այլ կուսակցությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման եւ թե՛ առաջիկա ընտրությունների հարցում:
Համոզված ենք, որ նախաձեռնության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի իրապես մեկ միասնական եւ ամբողջական Ռամկավար Ազատական կուսակցություն, որը կդառնա 1885-ին Վանում հիմնադրված Արմենական եւ 1921-ին Կ. Պոլսում գաղափարակից կուսակցությունների հենքի վրա միավորված Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարախոսության, քաղաքական հավատամքի եւ նրա ավանդույթների շարունակողն ու զարգացնողը ինչպես Մայր Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում: