«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԳՐՈՀԸ ԿԱՍԵՑՎԵՑ

Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն հինգշաբթիՙ կառավարության նիստերի օրը, կառավարության շենքը շրջապատում են մեր այն համաքաղաքացիները, որոնք բողոքում են անօրինական գործողություններից: Երեկ մոտ մի քանի հարյուր բողոքավորներ որոշել էին գրոհել կառավարության շենքը, մտնել նսիտերի դահլիճ եւ իրենց բողոքի ձայնը տեղ հասցնել: Գրոհը կանխեցին ոստիկանության աշխատակիցներըՙ շենքի աստիճանների մոտ պատ կազմելով եւ բողոքավորների հետ բացատրական աշխատանք տանելով:

Ի վերջո, կառավարության նամակների եւ բողոքների բաժնի պատասխանատու պրն Ղազարյանը հանդիպեց ու լսեց բողոքները, սակայն որեւէ պատասխան չտվեց ու խորհուրդ տվեց դիմել դատարան: Դատարան բառը լսելով բողոքավորներն էլ ավելի բարձր բղավեցին ու վանկարկեցին. «Էդ սուտ դատարաններից, կեղծ վճիռներից, անօրինականություններից հոգնել ենք, հերիք է մեզ խաբեք, մենք պահանջում ենք դատել մեր սեփականությունը խլողներին, այլ ոչ թե կեղծ պատասխաններով անդրադառնալ մեր բողոքներին: Եթե մեկ շաբաթում մեր օրինական պահանջները չկատարվեն, ապա մեր թիվը տասնապատիկ կավելանա, ու ոչ միայն այս շենքը, այլեւ ավելի կարեւոր շենքեր գրոհով կվերցնենք...», բղավում էին հավաքվածները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4