«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


Ո՞Վ Է ՖԱՐՀԱԴ ԲԱԴԱԼԲԵՅԼԻՆ

Բաց նամակի փոխարեն

Բաքվի կոնսերվատորիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին հանդես է եկել ԼՂ-ի «ադրբեջանական համայնքի գործունեությունը խթանելու կոչով»: Ֆորմալ առումով նա «Ադրբեջանական Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տեղաշրջանի ադրբեջանական համայնք» հ/մ (հասարակական միավորման) վարչության անդամ է: Թե ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում եւ ի՞նչ նպատակով է ստեղծվել այդ հասարակական «միավորումը»` բոլորովին էլ մեր խնդիրը չէ, այլ` հարեւան երկրի հասարակության. եթե նա գտնում է, որ իրեն պետք է ունենալ նման կառույց, ապա թող բարով վայելի:

Կառույցը «ներկայացնում է ԼՂ-ի «ադրբեջանական համայնքի» շահերը, հանդես գալիս նրա անունից»: Ըստ էության, դա «հայրենակցական կազմակերպություն» է, որը «միավորում է» նախկինում ԼՂ-ում բնակված ադրբեջանցիներին:

Պրոֆեսոր Ֆարհադ Բադալբեյլին ծնվել է Բաքվում 1947 թ.: Նա որդին է թատերական ռեժիսոր Շամսի Բադալբեյլիի: Վերջինս ծնվել է Շուշիում 1911 թ., որտեղ ապրել է մինչեւ 1927 թվականը: Վախճանվել է 1986 թ. Բաքվում, որտեղ էլ թաղվել է: Այսպիսով, Ֆարհադ Բադալբեյլին «ղարաբաղցի» է այնքանով, որ նրա հայրը ծնվել է Շուշիում:

Ի՞նչ առնչություն կարող է ունենալ ողջ կյանքը Բաքվում ապրող Ֆարհադ Բադալբեյլին այն մարդկանց հետ, որ նախկինում բնակվել են Լեռնային Ղարաբաղում, բայց ադրբեջանական իշխանությունների մեղքով այսօր ցրված են, եթե հավատալու լինենք իշխանություններին, Ադրբեջանի «58 շրջաններում, Բաքու եւ Սումգայիթ քաղաքներում»:

Այսպես դատելիս մենք «իսկական ղարաբաղցիների հետ երկխոսության նպատակ» չենք դնում: Միեւնույն է, Բադալբեյլի լինի, թե Էլման Մամեդով` ակնհայտ է, որ ԼՂ հարցը ոչ թե «միջհամայնքային» է, այլ գտնվում է Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն համարժեք բանակցությունների հարթությունում: Հակամարտության պատմությունը գիտի նման օրինակներ. դեռեւս 1991 թ. ամռանը Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներն ու Ադրբեջանի նախագահ Մութալիբովը պաշտոնապես քննարկել են փակուղուց ելք գտնելու հնարավորությունը: Հետագայում ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է Մոսկվայում բանակցել նախագահ Հեյդար Ալիեւի հետ: Իսկ մարտական գործողությունների փուլում պաշտոնական շփումներն ու անգամ նամակագրությունը կրել են պարբերական բնույթ: Այնպես որ` եթե Ադրբեջանի օրվա իշխանություններն իրոք ունեն երկխոսելու ցանկություն, ապա կարող են օգտվել նախորդների փորձից:

Մեզ հուզում է խնդրի զուտ իրավական կողմը: Բանն այն է, որ պաշտոնական Բաքուն, ի տես միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, հետեւողականորեն ձգտում է նենգափոխել բանակցային գործընթացը եւ այն «իջեցնել միջհամայնքային երկխոսության մակարդակի»: Վերացարկվելով իրականությունից, առաջադրենք այսպիսի հարց. «Ինչի՞ շուրջը կարող են «երկխոսել ԼՂ ադրբեջանական եւ հայկական համայնքների» ներկայացուցիչները, գոյություն ունի՞ մի հարց, որ գտնվում է «միջհամայնքային քննարկումների» տիրույթում»:

Դատելով անգամ ըստ «մադրիդյան առաջարկությունների»` ոչ, «քննարկումների» այդպիսի առարկա չկա: Ոչ էլ` «միջհամայնքային երկխոսության» անհրաժեշտություն: Այս դեպքում ինչո՞ւ է ադրբեջանական կողմը հիվանդագին սեւեռվել «միջհամայնքային երկխոսության գաղափարի իրացմանը»: Ի՞նչ է դա տալիս Իլհամ Ալիեւին: Տեսականորեն` միայն «հնարավորություն», որպեսզի պնդվի, թե «հայերը դեմ են համակեցությանը, նրանք ԼՂ-ում ստեղծել են մոնոէթնիկ հանրություն»:

Բայց իմաստ ունի՞ նման ֆոն ստեղծելու համար այդքան ջանք եւ միջոցներ ծախսել, երբ ամեն ինչ ակնհայտորեն պարզ է. Լեռնային Ղարաբաղում հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ համակեցության հեռանկարն Ադրբեջանն է իրավաբանորեն անհնար ճանաչել` Գերագույն խորհրդի 1991 թ. նոյեմբերի 26-ին ընդունած` «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին» օրենքով եւ դրանից բխեցրած` «Ղարաբաղի լեռնային մասի ադրբեջանական բնակչության անվտանգությունն ապահովելու միջոցառումների մասին», ի դեպ` առայսօր դեռեւս «հույժ գաղտնի» գրիֆի տակ պահվող որոշմամբ:

Իրավական այդ երկու ակտերի 20-ամյակը, միջանկյալ նշենք, վերջերս բավական հախուռն եւ դարձյալ մեծապետական քննարկումներ սադրեց ադրբեջանական մամուլում: Իմաստն այն էր, որ պետական իշխանության բարձրագույն մարմինը «շատ ճիշտ եւ արդարացի որոշումներ է ընդունել»: Նախկինում ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների խնդիրն, ահա, այս հարթությունում է գտնվում` որ այդ մարդիկ գործիք են դարձել պաշտոնական Բաքվի ձեռքում, ներքաշվել Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնության դեմ պատժիչ գործողություններում, ապա եւ` նույն ադրբեջանական իշխանությունների կողմից մատնվել մոռացության կամ ենթարկվել ներքաղաքական պայքարի խարդավանքներից ածանցված բռնությունների: Խոջալուի օրինակը, թերեւս, ամենաբնութագրականն է:

Այս իմաստով, գուցե, անհրաժեշտություն է, որ ԼՂ «ադրբեջանական համայնքը» երկխոսի Ադրբեջանի իշխանությունների հետ, փորձի պարզել իր քաղաքական եւ մարդկային ողբերգության պատճառները: Մասնավորապես` թե ինչո՞ւ են իրենք զրկվել Լեռնային Ղարաբաղի պետական եւ հանրային կյանքում դերակատարություն ունենալու իրավունքից: Հակառակն ուղղակի անտրամաբանական է:

Եթե, իհարկե, չվարկածենք, որ Իլհամ Ալիեւը, մատնված լինելով կատարյալ ձախողման, ԼՂ «ադրբեջանական համայնքի» միջոցով ուզում է ասել այն, ինչ «նորին նախագահական մեծությանը պատշաճ չէ»: Սա բոլորովին այլ նրբերանգ է: Այսինքն, չի բացառված, որ «միջհամայնքային երկխոսության հեռանկարը» միջոց է, որպեսզի իշխանությունները ԼՂՀ անկախության ճանաչման «ծանրությունը» փորձեն բարդել նախկինում ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների «ընտրյալ ներկայացուցիչների» ուսերին:

Բայց նույնիսկ այս դեպքում Ֆարհադ Բադալբեյլին կամ Բաքվի սլավոնական համալսարանի ռեկտորը ոչ մի անելիք չունեն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու, որպես այդ երկրի օրինապաշտ քաղաքացի իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու եւ ԼՂՀ պետական ու հանրային կյանքին մասնակից դառնալու մասին որոշում իրավասու են ընդունել բացառապես այն մարդիկ, որ մինչեւ 1988 թվականն ապրել են Լեռնային Ղարաբաղում:

Բայց մինչ այդ հարկ կլինի, որպեսզի Ադրբեջանի «58 շրջաններում, Բաքու եւ Սումգայիթ քաղաքներում» պատանդ պահվող մարդկանց տրվի ազատորեն ինքնակազմակերպվելու, իրենց ներկայացուցիչներն ընտրելու եւ ԼՂՀ իշխանությունների հետ «հայրենիք վերադառնալու հարցի» զուտ տեխնիկական ու հումանիտար ասպեկտները քննարկելու հնարավորություն:

Մնացածը, այդ թվում` դեկտեմբերի 7-8-ին Փարիզում ԼՂ «ադրբեջանական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու մասին» Ֆարհադ Բադալբեյլիի խոսքերը կամ սեւ զառանցանք են, կամ «վարդագույն» երազանքներ, կամ` անհաջող հումոր: Ինչպես էլ որ լինի, դրանց հասցեատերը ԼՂ «ադրբեջանական համայնք» կոչվող վիրտուալ հանրությունն է: Եվ պատասխանի իրավունքը` նույնպես նրանը:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4