«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ` ԱՎԵԼԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ, ՔԱՆ ԼՂ «ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ» ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

Քարոզչությունը ղարաբաղյան պատերազմից հետո այն հզոր միջոցն ու զենքն է, որ պայքարի շարունակականության ու դեռեւս հաղթանակի մասին խոսելու վաղ լինելու հանգամանքն է վկայում: Այդ միջոցին առիթ-անառիթ դիմում է Ադրբեջանը, ընդ որում, շատ դեպքերում հանդես գալով հենց նախաձեռնողի դերում` հայկական կողմերին թողնելով արձագանքելու հնարավորությունը միայն:

Այդպիսի մի ձեռնարկում էլ «Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների» հանդիպման առնչությամբ ադրբեջանական նախաձեռնությունն էր, որ, առանց կասկածի, պետք է տապալվեր, բայց ոչ թե տապալվեց, այլ տեղի չունեցավ: Դե իհարկե, այդպիսի հանդիպում տեղի չէր կարող ունենալ, քանի որ չկա «Ղարաբաղի հայկական համայնք», կա ԼՂՀ բնակչություն, որի հետ արդեն համագործակցելու փորձերը պարտադիր չէ, որ հանգեն զրո արդյունքի: Բայց հանդիպման նախաձեռնությունը թմբկահարվեց ու հիմա էլ փորձ է արվում աշխարհին ներկայացնելու, թե համագործակցության համար մեկնված ադրբեջանական ձեռքը մնաց «օդում»:

Երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար, առավելապես հակասություններով ադրբեջանական լսարանը լցնող Ալի Հասանովն ասուլիս է տվել, ու, ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, հայտարարել, թե «Բաքուն մեծ նշանակություն է տալիս ԼՂ-ի հայկական եւ ադրբեջանական համայնքների հանդիպումներին, անհրաժեշտ համարելով օգտագործել բոլոր քայլերը, որ կնպաստեն ղարաբաղյան հակամարտության լուծմանը»:

Առավել գեղեցիկ ձեւակերպված ցանկություն հակամարտող կողմերից մեկի պարագայում մտածելու անհրաժեշտություն էլ չկա, բայց արի ու տես, որ եվրոպացուն ու միջազգային հանրության մյուս դերակատարներին հասանելի չէ, թե հայկական կողմն ինչու է անպատասխան մնում ադրբեջանցիների «բարի կամք» դրսեւորելու պատրաստակամությունը:

Հասանովն, իրեն հասու դատողությունների շրջանակներում, Բեռլինի հանդիպմանը հայկական «համայնքի» անմասնակից լինելը բացատրել է, թե «հայկական կողմն իր որոշակի նպատակներին օկուպացիայից հետո հասնելով` որոշ չափով ձգտում է խուսափել բանակցություններից, ձգել ստատուս քվոն»: Եվ սա ասվում է այն պարագայում, երբ այս տարվա գրեթե բոլոր հանդիպումներում խուսափողի միանձնյա դերակատարը եղել է Հասանովի շեֆ Ալիեւ կրտսերը:

Ի հակադրություն եւ որպես իրողության փաստումՙ Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցչությունից Panorama.am-ին տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպման վերաբերյալ համաձայնություն չի էլ եղել, որ ԼՂՀ իշխանությունները հրաժարվել են հանդիպել Ադրբեջանի իշխանությունների կողմից Բեռլինում նոյեմբերի 28-ին քարոզչական նկատառումներով կազմակերպված «հայ եւ ադրբեջանական համայնքների» հանդիպմանը:

Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը հանդիպման խնդրանքին ի պատասխան նամակում հայտնել է, որ «Լեռնային Ղարաբաղի հայ համայնք» եզրույթը համարժեք է «Գերմանիայի գերմանական համայնք» եզրույթին: Իսկ հայ-ադրբեջանական հանդիպման գործընկեր գերմանացիներին առաջարկվել է «երկխոսության» չեզոք գոտի համարվող Բեռլինում կազմակերպել լսումներ, որտեղ ադրբեջանական կողմը կփորձի հիմնավորել դիպուկահարներին սահմանից հեռացնելուց հրաժարվելու իր որոշումը:

«Երկխոսության» կազմակերպիչներն էլ եղել են Բեռլինի ազատ համալսարանի Կասպյան տարածաշրջանի ուսումնասիրության բաժինը, ադրբեջանա-գերմանական համաժողովը, ինչպես նաեւ «Եվրոկովկասիա» կազմակերպությունը: Հատկանշական է, որ վերջինիս ղեկավարներից մեկը Ռամզին Միրզաեւն է: Ասել է թե չկա գերմանական նախաձեռնություն կամ կազմակերպում, այլ զուտ ադրբեջանական` գերմանական ֆոնով:

Ամեն դեպքում, մի տեսակ էլի ուշացած ենք արձագանքում նրան, ինչ Ադրբեջանն արդեն շրջապտույտի մեջ է դրել, հայկական կողմն էլ կարող էր ԼՂ «հայ համայնքի» հանդիպում առաջարկել Ադրբեջանի ադրբեջանական համայնքի հետ, թեեւ վերջինս դժվարությամբ կարող է այդ կարգավիճակին հավակնել էթնիկ առումով որպես այդպիսին չդիտարկվելու հիմքով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4