Եզրակացնում է Թաներ Աքչամը
Նոյեմբերի 23-ին 1937-38 թթ. Դերսիմի կոտորածների համար վարչապետ Էրդողանը պետության անունից ներողություն էր խնդրել դերսիմցիներից, պահանջելով, որ այդպես վարվի նաեւ այդ թվերին երկրում միանձնյա իշխելու պատճառով կոտորածների պատասխանատվությունն անմիջականորեն իր վրա կրող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:
«Ազգի» նախորդ համարում, անդրադառնալով այս հարցին, նշել էինք, որ կոտորածի համար պետության ներողությունը իրավագիտական ընթացակարգ է պահանջում, իսկ Էրդողանն ընդամենը բանավոր ներողություն է խնդրել: Բայց եւ այնպես նա դրանով նախադրյալներ է ստեղծել, որ Դերսիմի կոտորածների հետ երկրում աշխուժորեն վերարծարծվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կոտորածներին Քեմալ Աթաթուրքի մասնակցությունը, սեփական պատմության հետ Թուրքիայի առերեսման անհրաժեշտությունն ու թուրքական արխիվների բացումը:
Ի դեպ, եթե 1915-ի իրադարձությունների այսպես կոչված անաչառ ուսումնասիրության համար Թուրքիայի ղեկավարները արխիվները բացելու պահանջ են ներկայացնում Հայաստանին, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն էլ Էրդողանի կառավարությունից է պահանջում բացել թուրքական արխիվները, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրության միջոցով բացահայտել ճշմարտությունը Դերսիմում:
Այսինքն, երբ Թուրքիայում իրողության հետ առերեսման խնդիր է ծագում, թուրք պետական գործիչներն ու քաղաքական շրջանակները հարցից խուսափելու համար կառչում են արխիվներից: Տվյալ պարագայում խոսքը Ժողովրդա-հանրապետական կուսակցության մասին է, որն ունի նաեւ Դերսիմի կոտորածներին Աթաթուրքի մասնակցությունը արխիվներից կառչելու միջոցով քողարկելու խնդիր:
Ակամա հարց է ծագումՙ ո՞րն է կուսակցության արխիվները բացելու պահանջի առնչությունն այս պահանջը որպես քողարկման միջոց օգտագործելու հետ: Նոյեմբերի 29-ին BIA լրատվական գործակալության տված հարցազրույցում այդ հարցին պատասխանել է Թաներ Աքչամը, ընդգծելով, որ Թուրքիայի արտգործնախարարության եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվներն առ այսօր փակ են, վարչապետ Էրդողանը հազիվ թե ի վիճակի լինի բացել դրանք:
Ի պատասխան թղթակցի հարցին, Աքչամն ասում է, որ «արխիվները բացել» արտահայտությունը կարող է միանգամայն խաբուսիկ լինել, վարչապետարանին առընթեր գործող, օսմանյան եւ հանրապետական շրջաններին վերաբերող արխիվներն արդեն բաց են: Ցանկացողը կգնա եւ կվերցնի այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են:
Այնուհետեւ նա ավելացնում է. «Այստեղ որեւէ խնդիր չկա: Խնդիրը արխիվներում պահպանվող փաստաթղթերի դասակարգումն է: Ոչ բոլոր փաստաթղթերն են տրամադրվում ուսումնասիրողներին: Այլ կերպ, եթե վարչապետարանին առընթեր գործող արխիվներում պահպանված, բայց ընթերցողին չտրամադրված վավերագրերն առ այսօր չեն ոչնչացվել, ապա դրանք պետք է դասակարգել եւ օգտագործման ներկայացնել: Օրինակ, Հայոց ցեղասպանության շրջանում «տիրազուրկ կալվածքների» մասին վիլայեթներից ուղարկված ամենշաբաթյա զեկուցագրերին առնչվող թղթածրարները մինչեւ հիմա քողարկվում են: Առ այսօր փակ է նաեւ արտգործնախարարության արխիվը, ինչը 21-րդ դարում կատարյալ ամոթ է: Իմ կարծիքով, Ահմեդ Դավութօղլուն պետք է վերջ տա այս ամոթին: Մի կողմից տարածաշրջանին եւ աշխարհին արդարության դասեր ես տալիս, իսկ մյուսՙ փակի տակ ես պահում քո նախարարության արխիվները... Տեսականորեն բաց, սակայն պրակտիկորեն փակ են զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվները: Մինչդեռ արխիվների մեջ կարեւորագույնը հենց դրանք են: Սակայն, չեմ կարծում, որ վարչապետն ի զորու լինի բացել գլխավոր շտաբի արխիվները: Իմ խորին համոզմամբ, այս արխիվներում պահպանվող վավերագրերը երբեւէ չեն տրամադրվի ուսումնասիրողներին: Հավանաբար Դերսիմի կոտորածներին առնչվող փաստաթղթերը չեն ոչնչացվել, որովհետեւ պետությունն այս հարցում չափազանց ինքնավստահ էր: Ինչ վերաբերում էր Հայկական հարցին, ապա 1918-ից, ինչպես նաեւ 1980-ից հետո արխիվները մաքրազարդել են եւ ոչնչացրել հարցին առնչվող կարեւորագույն վավերագրերը: Դա մենք գիտենք: Մնացած փաստաթղթերը կարելի է, վարչապետի կարգադրությամբ, հրատարակել: Թեեւ մինչեւ օրս հրատարակություններ կատարվել են, սակայն դրանցում ընդգրկված բոլոր վավերագրերը, ցավոք, քարոզչական նպատակի են ծառայում: Պետք է վերջ տալ այս ամենին»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ