Գյուղացիներն ընդդեմ կառավարության եւ հսկայական կոմբինատի
Այս տարի ապրիլին կառավարությունը որոշում կայացրեց, համաձայն որի Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 181.7 հա հողից 27 հա-ն ճանաչվեց բացառիկ գերակա շահ: Կառավարությունն այդ տարածքը փոխանցեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին` հետագա արդյունահանման նպատակով: Համաձայն պաշտոնական հայտարարության` «ԶՊՄԿ»-ի գլխավոր սեփականատերն է գերմանական Cronimen Mining ընկերությունը, որին է պատկանում կազմակերպության 60 տոկոս բաժնեմասը: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն ամենահարուստներից է: Կոմբինատը տարեկան արդյունահանում է 16-17 մլն տոննա հանքանյութ: Նոր հողեր վերցնելով կոմբինատը ցանկանում է կրկնապատկել հանքաքարի ծավալները: Անցյալ տարի ընկերության եկամուտը կազմել է 21.5 միլիարդ դրամ:
Քաջարան գյուղում այսօր ապրում է 131 ընտանիք` 250 բնակիչ: Թեպետ գյուղը շատ մոտ է հանքավայրին, սակայն նրա տարածքը ի տարբերություն այլ գյուղերի, համարվում է մաքուր: Գյուղը բարձրադիր վայրում է տեղակայված եւ կոմբինատի հանքարդյունաբերական թափոնները չեն կեղտոտել գյուղի տարածքը: Սահմանամերձ գոտում բնակվող քաջարանցիների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Քաջարան գյուղի բնակիչները գարնանից պայքարում են բնակավայրի փրկության համար: Քաջարանցիները չեն ցանկանում, որ տարածքը, որն ընդգրկում է նաեւ գյուղի գերեզմանոցը, դառնա հանքարդյունաբերական կենտրոն: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազգ»-ի հետ զրույցում պատմում է, որ գյուղի բնակիչները մի քանի անգամ կանգնեցրել են գյուղ մտած տեխնիկան եւ կասեցրել աշխատանքները, սակայն օրենքն իրենց կողմից չի խոսում: «Գյուղի բոլոր բնակիչներն էլ դեմ են, որ իրենց այգիները ծանր մետաղներով կեղտոտվեն: Մենք ուզում ենք հանգիստ ապրենք: Չենք ուզում, որ մեր արոտավայրերը հանքարդյունաբերական թափոններով աղտոտվեն»:
Կառավարությունը որոշում կայացնելիս նշել էր , որ «ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարեւոր նշանակություն, դրա իրականացումը կապահովի հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի եւ արտահանման ծավալների էական աճ եւ մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը»: Գյուղապետը խոստովանում է, որ կառավարության որոշման մասին իմացել է պատահական: Սկզբում չի հավատացել, հետո փաստաթղթղեր են ցույց տվել: Քաջարանցիները դժգոհում են, որ պետությունն առանց իրենց կարծիքը հարցնելու իրենց բնակավայրից մի հատված տրամադրել է մասնավոր կազմակերպության: «Իշխանությունները գյուղի արհեստական տեղահանման ծրագիր են մշակել, բայց մենք թույլ չենք տա այն իրականացնել: Ի՞նչ պետք է անենք, ո՞ւր պետք է գնանք: Մենք ոչ մի տեղ էլ չենք ուզում գնալ, ուզում ենք ապրել մեր հողում, մեր տանն ու մեր այգիները մշակել: Իշխանությունները ցանկանում են այդ կերպ քարտեզից ջնջել Քաջարան գյուղը, բայց մենք միասնական ենք ու թույլ չենք տա մեր հողը զավթել», ասում է գյուղապետը:
Քաջարանցիները բազմաթիվ նամակներ են ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, սակայն պատասխան մինչ օրս չեն ստացել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ