«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը համոզված է` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը առաջիկա նախագահական ընտրություններին կհավաքի ձայների 50 տոկոսը: Խմբագրի գնահատմամբ` Պուտինի նախագահ ընտրվելը Հայաստանի կյանքում ազդեցություն կունենա, սակայն նա առաջարկում է հաշվի առնել, որ Հայաստանում կա ազդեցիկ ընդդիմություն, եւ նրա գործոնի մասին չպետք է մոռանալ: «Առավոտ» օրաթերթի խմբագրի տեսակետին համաձայն չէ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ եւ վարող, քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը : Նրա գնահատմամբ` Պուտինն այսօր չունի նախկին վարկանիշը: Մարդիկ նրան հաճախ սուլոցներով են դիմավորում: Ըստ նրաՙ ռուսներն այսօր չունեն երկընտրանք, որովհետեւ քաղաքական գործիչները նորություն չեն առաջարկում:
Խմբագիրն ու քաղաքական մեկնաբանը վստահ են, որ Ռուսաստանի համար էական նշանակություն չունի, թե Հայաստանում նախագահական հաջորդ ընտրություններում ով կհաղթի: «Պուտինը չի վերցնի ու ասի` Արամ, դու եղիր նախագահ, կամՙ Պետրոս, դու եղիր: Նրանք բոլորովին դեմ չեն լինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, բայց հետո նրան կստիպեն վարել իրենց ուզած քաղաքականությունը: Ռուսաստանը չունի իր թեկնածուն: Ով կընտրվի, նրա հետ էլ կաշխատեն», եզրակացնում է Աբրահամյանը:
«Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի գնահատմամբ` խորհրդարանում այսօր չունենք ռուսամետ ընդգծված խումբ: Առավելապես ունենք արեւմտյան վեկտորի պաշտպաններ: «Որքան էլ տարօրինակ է` Հայաստանն այսօր միակ հետխորհրդային երկիրն է, որտեղ ընդդիմադիր մեծամասնությունը ընդգծված ռուսամետ ուղղության կողմնակիցն է: Եվ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ռուսաստանյան անհերքելի մասնակցությամբ է տեղի ունենում»:
Անդրադառնալով դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` «Առավոտ» օրաթերթի խմբագիրը շեշտում է` ձայների մեծամասնությամբ կհաղթի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Նրա համոզմամբ` խորհրդարանական ընտրությունները չեն կարող որեւէ կերպ ազդել Հայաստանի ներքաքաղաքական կյանքի վրա, որովհետեւ հայ-ռուսական կապերը բազմաթիվ են. Ռուսաստանն իշխող դիրք ունի պետության բազմաթիվ ոլորտներում:
«Ժամանակ» օրաթերթի խմբագրի մեկնաբանությամբ` Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենամեծ ինտրիգը Գագիկ Ծառուկյանի անձի եւ նրա ղեկավարած կուսակցության շուրջն է: Ըստ Բաբաջանյանի, բոլորն են անհամբերությամբ սպասում, թե երբ է Ծառուկյանը վերադառնալու Դուբայից եւ հայտարարություն կատարելու: Գործընկերոջ վերոնշյալ դիտարկմանը համամիտ չէ Պետրոս Ղազարյանը: Ավելին, նա վրդովվում է, երբ երկրի լրատվական դաշտը բաղկացած է ինտրիգներից, բամբասանքներից եւ խոսք տանել-բերելուց: Նրա համար առավել կարեւոր է, որ պետական յուրաքանչյուր համակարգում բարեփոխումներ կատարվեն, քան խոսեն բամբասանքներից:
Արամ Աբրահամյանն ընդգծում է, որ ներկայիս ներքաղաքական դաշտում քաղաքական միտքը թարմ գաղափարներով չի փայլում: «Ընդդիմությունը շարունակ ասում է, որ օր առաջ իշխանությունը հեռանա, իշխանությունն էլ ասում է, որ իրենք կազմակերպելու են արդար ընտրություններ»:
Հ. Հ.