Իսկ գործարքների քանակը հիմնականում նվազել է
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2011-ի հոկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15934 գործարք, ինչը 4,2 տոկոսով բարձր է նախորդ ամսվաՙ սեպտեմբերի համեմատ եւ 3,3 տոկոսովՙ 2010-ի հոկտեմբերի գործարքների քանակի համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ աճելՙ 7,1 տոկոսով: 4190 օտարման գործարքներից առուվաճառքը կազմել է 77,5 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,9 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 63,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 8,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճելՙ 7,5 տոկոսով:
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2011թ. | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2010թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2011թ. |
Կենտրոն | 479700 | 455000 | 452100 |
Արաբկիր | 395700 | 368000 | 363500 |
Քանաքեռ-Զեյթուն | 295100 | 276000 | 275600 |
Նորք-Մարաշ | 281800 | 300300 | 295200 |
Ավան | 252300 | 257200 | 253800 |
Էրեբունի | 254700 | 233000 | 238400 |
Շենգավիթ | 258300 | 243500 | 237000 |
Դավթաշեն | 284800 | 265000 | 268400 |
Աջափնյակ | 248400 | 238000 | 236000 |
Մալաթիա-Սեբաստիա | 249700 | 233000 | 233400 |
Նուբարաշեն | 150300 | 145800 | 150100 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 286400 | 274100 | 273000 |
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրեթե անփոփոխ են մնացել (աճել են 0,1 տոկոսով): Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Մարզերում, բացառությամբ Երեւանի, հոկտեմբերին վաճառվել են 368 բնակարաններ, որոնց քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 11,3 տոկոսով, իսկ 2010-ի հոկտեմբերի համեմատՙ 4,9 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ անփոփոխ են մնացել:
Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հոկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 201 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 143 հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 141 հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճընըՙ 126 հազար դրամ, Աշտարակըՙ 125 հազար դրամ, Իջեւանը 119 հազար դրամ, Գորիսըՙ 118 հազար դրամ, Ջերմուկըՙ 114 հազար դրամ, Արմավիրըՙ 112 հազար դրամ, Եղեգնաձորըՙ 110 հազար դրամ, Մասիսը 107 հազար դրամ 1 քմ-ի դիմաց ցուցանիշներով:
2011-ի հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 475 գործարք, որից 109ՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2011-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել է 18,7 տոկոսով, իսկ մարզերում աճելՙ 2,5 տոկոսով: 2010-ի հոկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 0,9 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած աճելՙ 16,2 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2011-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2011թ. | Միջին գները (դրամ) հոկտեմբեր 2010թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2011թ. |
Կենտրոն | 447600 | 436100 | 436200 |
Արաբկիր | 366100 | 342000 | 337900 |
Քանաքեռ-Զեյթուն | 278800 | 265900 | 265600 |
Նոր Նորք | 229000 | 227700 | 222100 |
Ավան | 237900 | 248900 | 250500 |
Էրեբունի | 244200 | 226700 | 232100 |
Շենգավիթ | 242400 | 233400 | 228900 |
Դավթաշեն | 268200 | 253000 | 256300 |
Աջափնյակ | 229200 | 226500 | 222800 |
Մալաթիա-Սեբաստիա | 232300 | 223100 | 224500 |
Նուբարաշեն | 149000 | 140100 | 144200 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 265900 | 256700 | 256500 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-նՙ 309 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն էՙ 1 քմ-նՙ 168 հազար դրամ, երրորդըՙ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճընըՙ 132 հազար դրամ, Աշտարակըՙ 130 հազար դրամ, Իջեւանըՙ 129 հազար դրամ, Գորիսըՙ 126 հազար դրամ, Գյումրինՙ 119 հազար դրամ 1 քմ-ի դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2011-ի հոկտեմբերին 2010-ի հոկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 3,1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը աճելՙ 26,9 տոկոսով:
2011-ի հոկտեմբերին 2011-ի սեպտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 12,9 տոկոսով, իսկ 2010-ի հոկտեմբերի համեմատ նվազել` 14,9 տոկոսով:
Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 209 գործարքներ, որից 153-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 81,3 տոկոսն իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 14,4 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 3,5 տոկոսով, ընդ որում, Երեւանումՙ 6,3 տոկոսով, իսկ մարզերում նվազելՙ 3,4 տոկոսով: 2010-ի հոկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 52,6 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 56,1 տոկոսով, իսկ մարզերում` 43,6 տոկոսով:
Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի գները հոկտեմբերին հիմնականում մնացել են անփոփոխ, իսկ գործարքների քանակըՙ նվազել: Չնայած տնտեսական ակտիվության շրջանին, անշարժ գույքի շուկան դեռ աշխուժանալու նշաններ ցույց չի տալիս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ