Նոյեմբերի 29-ին CNews լրատվամիջոցը հրապարակել է «ՄՏՍ ընկերությունը Հայաստանի պոտենցիալ նախագահին վարկավորել է 90 միլիոն ամերիկյան դոլար գումարով» վերնագրով հոդված, որով տարածվել է կեղծ տեղեկատվություն` հղում կատարելով «շուկայի մասնակիցներին» եւ «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրին»:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, իբր թե «Ղ-Տելեկոմ» ընկերության («Վիվասել-ՄՏՍ» ապրանքային նշան) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 2013թ. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու քաղաքական հավակնություններ ունի, եւ այդ նպատակով «Մոբիլնիե Տելեսիստեմի» ընկերությունը (ՄՏՍ) նրան ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: Բացի դրանիցՙ հոդվածում նշվում է, թե իբր ընկերության կողմից բարեգործական գործունեության իրականացման համար օգտագործվող միջոցների աղբյուր կարող են հանդիսանալ Լիբանանի հայկական համայնքի հավաքած միջոցները: (Խե՜ղճ լիբանանահայ համայնք-խմբ.:)
Կարելի է միայն ենթադրել, թե ովքեր են կեղծ տեղեկատվությունը տարածող «շուկայի մասնակիցները» եւ «մրցակիցներից մեկի ներքին աղբյուրը» եւ թե հատկապես ինչ նպատակներ են նրանք հետապնդում: Ենթադրյալ մրցակիցների նմանատիպ գործողություններն անպարկեշտ են, անազնիվ եւ միանգամայն անընդունելի:
Անգամ առանց վերոհիշյալ տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու` հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն, նախագահի թեկնածու կարող է լինել վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացիություն ունեցող, հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող ֆիզիկական անձը: Ռալֆ Յիրիկյանը ոչ միայն չունի որեւէ քաղաքական պաշտոնի ընտրվելու կամ նշանակվելու քաղաքական հավակնություն, ինչը նա հստակ հայտարարել է բազմիցս, այլեւ չի համապատասխանում թեկնածու առաջադրվելու համար պահանջվող չափանիշներից եւ ոչ մեկին:
Ինչ վերաբերում է ընկերության սոցիալական գործունեությանը, ապա այն իրականացվում է բացառապես ընկերության միջոցների հաշվինՙ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հաստատված ծրագրի շրջանակներում: Ընկերությունը հպարտ է Հայաստանում գործարար մտածելակերպի նոր մշակույթի ներդրման եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խոշոր ծրագրերի իրականացման առաջամարտիկը լինելու համար: Ցավալի է, որ նման նախաձեռնությունները կարող են դառնալ էժանագին եւ անհարիր շահարկումների առարկա: