«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆ. «ԳՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՊԱՏՄԱԾԸ, ԱՌԱՆՑ ԻՄ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՐՑՆԵԼՈՒ»

«Պատվեր ստացա սիմֆոնիա գրելու, որոշեցի ստեղծագործել իմ Թեհրանի տանը: Այստեղ հանգիստ եմ, մարդիկ ջերմ են, միջավայրըՙ հարազատ», ինձ հասցեագրած նամակում նոյեմբերին տեղեկացրել էր Լորիս Ճգնավորյանը ՙ նկատի առնելով, որ իր հետ մերՙ Գլենդեյլից ամռանը կայացած ծավալուն հարցազրույցը տպագրության շեմին է:

Այն, որ մաեստրոն Թեհրանում է, նոյեմբերի 21-ին գրել էր նաեւ մեր պաշտոնակից «Առավոտը», ոչ այնքան ճիշտ շարադրանքով: Մասնավորապեսՙ Լորիս Ճգնավորյանը ոչ թե Գլենդեյլի ֆիլհարմոնիկի, այլ սիմֆոնիկի հետ էր եռամյա պայմանագիր կնքել: Ամռանը վերը հիշատակված մեր հարցազրույցում, որը կարելի է կարդալ «Ազգի» առաջիկա դեկտեմբերի 17-ի շաբաթօրյա հավելվածում, մաեստրոն ասել էր. «Ամերիկայում նվագախմբերին պետությունը չի հովանավորում: Հոգաբարձություն կաՙ դիրիժորի գլխավորությամբ, դրամ են հավաքում, որ կարողանան համերգաշար անել: Գլենդեյլի նվագախումբն ինձ հրավիրել է, բայց բյուջեի խնդիր ունեն, ես էլ հակված չեմ մարդկանցից փող հավաքել (ըստ ամերիկյան սովորության դիրիժորը գնում է հարուստների, կորպորացիաների տերերի, գործարարների մոտ, ոգեւորում, որ օգնեն), էս տարիքիս մարդկանց հետ խոսել, խնդրելուց հոգնել եմ, արդեն 11 տարի Հայաստանի ֆիլհարմոնիկը պահելու համար գործ արել եմ, հիմա իմ կյանքն արժեւորում եմ գրելովՙ պատվերներ ունեմ, օպերա եմ գրում»: «Ոչ մեկի հետ չեմ շփվում: Ապրում եմ նկարելով, հուշեր եմ գրում», ասել էր Ճգնավորյանը մեր հարցազրույցում, հայերը չեն էլ հետաքրքրվումՙ ո՞ղջ եմ, մեռա՞ծ եմ: Պարսիկներն ավելի շատ են հետաքրքրվում: Զանգ են տալիս հաճախ»:

Այն, որ 2012-ից ստեղծագործական կյանքը դարձյալ հայրենիքի հետ է կապելուՙ ցմահ, ինչպես գրել էր «Առավոտի» աշխատակիցը, մեզ տարօրինակ թվաց, որովհետեւ մեր ծավալուն զրույցի մեջ դրա ակնարկն էլ չկար, ընդհակառակը: «Որտեղի՞ց այդ ինֆորմացիան, որտեղի՞ց են եզրակացնում, թե պիտի գնամ Հայաստանում ապրեմ, երբ ինձ հետ կապ էլ չեն ուզում ստեղծել: Ինձ նույնիսկ ԱՄՆ-ում անցկացված անկախության 20-ամյա տոնին չէին հրավիրել», նոյեմբերի 25-ին Թեհրանից հեռախոսով ի պատասխան մեր հարցման ասաց մաեստրոն: Ծանո՞թ է այդ հրապարակմանը, ներկայացվածը ճշմարի՞տ է: Տեղյակ չէր, բայց զարմացած էր, որ իր մասին գրում են միայն ուրիշների պատմածը, առանց իր խոսքն էլ զուգահեռ ներկայացնելու:

«Ճշմարտությունն էն աշխարհում է, որ պիտի գնանք», հեռախոսային մեր զրույցի ժամանակ ասաց Լորիս Ճգնավորյանը: Ճի՞շտ է, որ Մելիք Մավիսակալյանն է գործիքավորել իր ստեղծագործությունները: «60-ամյակիս էստրադային ոճով ստեղծագործություններ գրեցի, 75 գործի մեջ 1-2 ստեղծագործություն, եւ քանի որ Մավիսակալյանը էստրադային երաժշտության վարպետ է, նրան խնդրեցի: Իսկ բալետներս, օպերաներս, մյուս գործերը հո ուրիշնե՞րը չեն արել»:

Կոնստանտին Օրբելյան կրտսերիՙ հորեղբոր վրեժը լուծելու պատմության մասին իր վերաբերմունքն այսպես արտահայտեց: «Ես բոլորի հանդեպ հարգանք ունե՞մ, ի վերջո թե՛ Օրբելյանը, թե՛ մյուսները հայրենիքին են ծառայել, անձնական խնդիր չի եղել, պարզապես Ֆիլհարմոնիան բոլորին նույն բեմն էր հատկացրել, իսկ Հայաստանի ֆիլհարմոնիկը օրական 5-6 ժամ փորձ էր անում, այլապես ամեն շաբաթ համերգ չէր կարող տալ: Եթե Օրբելյանն է լինելու Գլենդեյլի սիմֆոնիկի ղեկավարը, շնորհավորում եմ», ասաց Լորիս Ճգնավորյանը: «Ինչ վերաբերում է նույն հոդվածին, շատ հետաքրքրական է, տպագրում են այն լուսանկարս, որում Ավստրիայի նախագահիՙ ինձ 50-ամյա գործունեությանս առթիվ պարգեւած Ոսկե մեդալն էՙ առանց դրա մասին գրելու:

«Իսկ Հայաստանի ֆիլհարմոնիկն առաջին երկու տարին իմ գրպանի փողերով եմ պահել: Թե ի՞նչ են գրում, առանց իմ կարծիքը հարցնելու ի՞նչ ենթադրություններ են անում, էական չէ, ընդհանրապես ինձ համար կարեւոր է, թե ապագայում ինչ կմտածեն իմ մասին»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4