Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա Ջ. Վերդիի մահվան 110-րդ տարելիցին նվիրված համերգ, որի ընթացքում կհնչեն Վերդիի, Պուչչինիի, Արրիգո Բոյտոյի, Ռոսսինիի, Բելլինիի, Լիստի ստեղծագործությունները: Համերգին կմասնակցեն Վարդուհի Խաչատրյանը (մեցցո սոպրանո) եւ դաշնակահար Հայկ Մելիքյանը (Շվեյցարիա): «Ազգը» զրուցեց Շվեյցարիայում 2011-ի ամռանը հիմնադրված «Ավետիս» հայ-շվեյցարական ասոցիացիայի նախագահ, երգչուհի Վարդուհի Խաչատրյանի եւ կոմպոզիտոր Հայկ Մելիքյանի հետ:
Վարդուհի Խաչատրյանն իր գեղեցիկ ու մաքուր ձայնով այս տարի ելույթ ունեցավ Երեւանում «Վերադարձի դասական երաժշտության փառատոնի» ընթացքում ու հիացրեց երաժշտասերներին իր հրաշալի տեխնիկայով եւ բեմական կեցվածքով: Վարդուհին մեծանալով նկարիչների ընտանիքումՙ յոթ տարեկանից սկսել է նվագել դաշնամուր, իսկ հետո զբաղվել է վոկալով: Երգչուհին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999-ից Եվրոպայում, երբ Լիեժի (Բելգիա) վոկալ միջազգային մրցույթում նրան շնորհվեց 1-ին մրցանակը: Դրան հաջորդող երկու տարիների ընթացքում նա դարձավ եւս հեղինակավոր վեց միջազգային մրցույթների դափնեկիր: 2004-ին ՀԹԳՄ-ն Վարդուհի Խաչատրյանին որպես տարվա լավագույն օպերային դերասանուհի, շնորհեց «Արտավազդ» ազգային մրցանակը: Վ. Խաչատրյանի անունն ու նրա օպերային կատարումները տարածվել են ու հնչել աշխարհի շատ բեմահարթակներում: Հայ մշակույթի տարածմանն ու պահպանմանն է միտված Շվեյցարիայում նրա կողմից հիմնված «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան: Այդ կազմակերպությունում իր լուման ու ներդրումն ունի նաեւ դաշնակահար, կոմպոզիտոր Հայկ Մելիքյանը: Երկու երիտասարդ երաժիշտները միասին հոկտեմբերի 15-ին Ժնեւում հանդես են եկել մեծ համերգային ծրագրով, որը նվիրված է եղել ասոցիացիայի պաշտոնական բացման արարողությանը:
Հայկ Մելիքյանի դերը կարեւոր է նաեւ կոմպոզիցիայի բնագավառում: Նա հեղինակ է բազմաթիվ կամերային-գործիքային, վոկալ, ինչպես նաեւ սիմֆոնիկ եւ երգչախմբային ստեղծագործությունների: Հ. Մելիքյանի իմպրովիզացիայի բացառիկ տաղանդը նրա մենահամերգներին հաղորդում է արտասովոր զգացողություն: Նա արժանացել է մրցանակների ոչ միայն Հայաստանում, այլեւՙ արտերկրում: Թողարկել է 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության չորս ձայնասկավառակ, որոնցից վերջինը նվիրված է հայ երաժշտությանըՙ ընդգրկելով Կոմիտասի, Տիգրանյանի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Չթչյանի եւ Մելիքյանի ստեղծագործությունները: Այդ ձայնասկավառակի շնորհանդեսը երեկ կայացավ Երեւանի ջազ-ակումբում:
Հայ-շվեյցարական «Ավետիս» մշակութային ասոցիացիան նախաձեռնել է «1900+» համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարը եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության հետ հայտարարել են կոմպոզիտորների նոր ստեղծագործությունների հայտերի ընդունում: 2012-ին անցկացվող մրցույթի խորագիրն է «Ave Maria-2012» եւ անցկացվելու է երկու անվանակարգերումՙ հատուկ ստեղծագործություն ձայնի եւ դաշնամուրի համար, մենանվագ դաշնամուրի համար: «Ave Maria» համերգաշարը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նոր գործեր, չհնչած որեւէ բեմում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ info@avetis-swiss.com կայքէջից:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ