«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ԵՐԵՎԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ «ՄԱՀԱԲԵՐ» ՈՒ ՎԹԱՐԱՅԻՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երկրաշարժի օրն ու ժամը կանխագուշակել առայժմ գիտնականներին չի հաջողվել: Դրա փոխարեն սեյսմոլոգները, ճարտարապետներն ու շինարարները կարող են գոնե նվազեցնել երկրաշարժի վնասներըՙ քաղաքները դարձնելով առավել սեյսմակայուն եւ անվտանգ: Որ մայրաքաղաք Երեւանը սեյսմիկ գոտում էՙ փաստ է: Գտնվելով Գառնիի եւ Արարատի օջախների մեջտեղումՙ մայրաքաղաքում երկրաշարժի հավանականության վտանգը միշտ էլ առկա է եղել: Սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանի գնահատմամբՙ վաղ թե ուշ Գառնիի եւ Արարատի օջախները կակտիվանան: Հզոր երկրաշարժն անխուսափելի է, մինչդեռ Երեւանի սեյսմակայունությունը տագնապալի վիճակում է:

«Գտնվելով շատ վտանգավոր սեյսմիկ գոտումՙ մենք պետք է տասնապատիկ ավելի ուշադիր հետեւենք քաղաքաշինական նորմերին: Վերջին հաշվով, քաղաքաշինությունը պետք է մարդու համար բարենպաստ պայմաններ ստեղծի, եւ ամենակարեւորըՙ պետք է լինի անվտանգ: Երեւանում կառուցապատումն իրականացվում է անհարկի խտությամբ, հարթակներ չեն թողնվում արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման համար», ասում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը : Նրա գնահատմամբՙ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո անհրաժեշտ հետեւություններ չարվեցին. գուցե փոքր-ինչ բարձրացավ շինարարություն որակը, սակայն ոչ ավելի: «Եթե նախկինում շենքերը հավաքովի տարրերից էին կառուցում, այժմ կառուցում են միաձույլ երկաթբետոնե կմախքներով շենքեր: Սակայն կառուցապատման խտությունը շարունակում է շատ բարձր մնալ», ասում է ճարտարապետըՙ հավելելով, որ Երեւանում կառուցվող շենքերն այնպիսի տեխնոլոգիաներով չեն կառուցվում, որ շենքերի կմախքները մնան կանգուն: «Եթե անգամ կմախքները մնան, ապա շենքի երեսպատման բեկորներն ընկնելիս մահաբեր կլինեն»:

Սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը շեշտում է, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ակնհայտ դարձավ, որ առկա էր պրոբլեմ կառույցների նախագծային փուլում: «Մինչ ճարտարապետական նախագծումըՙ անհրաժեշտ է վերլուծություն, սեյսմիկ պայմանների գնահատում: Պետք է հաշվի առնել նաեւ կառուցման ընթացքն ու շինանյութի որակը», ասում է սեյսմոլոգըՙ մայրաքաղաքի բազմաթիվ շենքեր անվանելով «մահաբեր»:

Ըստ Մկրտիչ Մինասյանիՙ երկրաշարժից հետո ակնհայտ դարձավ, որ հատկապես անպաշտպան են դպրոցներն ու մանկապարտեզները: Նա նշում է, որ կառավարությունը տեղյակ է, որ սխալ որոշում է կայացնում, սակայն ստորագրում է փաստաթուղթը: «Պետությունը գիտի, որ բակերումՙ մեծ խտության պայմաններում նորակառույցի համար տարածք տրամադրել չի կարելի, սակայն տրամադրում էՙ այդ կերպ վտանգելով իր քաղաքացիների կյանքը»: Մինասյանը հիշեցնում է, որ այսօր Շահումյանի անվան դպրոցի հետնամասում կառավարությունը թույլ է տվել նոր բարձրահարկի կառուցում: Եթե երկրաշարժ լինի, ոչ միայն շենքի բնակիչները չեն կարողանա փրկվել, այլեւ դպրոցականները, որովհետեւ հարեւանությամբ ազատ տարածքներ չկան:

Սեյսմոլոգ Բալասանյանը հավելում է, որ կառավարությունն ամեն ինչ հայտարարում է գերակա շահ, տեղի է ունենում կետային կառուցապատումՙ առանց հաշվի առնելու սեյսմակայունության հարցը: «Ի՞նչ է նշանակում մայրաքաղաքի կենտրոնումՙ Նկարիչների միության հարեւանությամբ 50-հարկանի շինություն կառուցել: Վթարի ժամանակ ամբողջ Աբովյան-Թումանյան հատվածը կվերածվի փլատակի»:

Նա հավելում է, որ այսօր շինարարությունը վերածվել է բիզնես պրոյեկտի եւ այն պետական մակարդակով չի իրականցվում: Այս պարագայում նա առաջարկում է պետությանըՙ խիստ վերահսկողություն սահմանել շինարարական գործընթացների եւ նորմերի նկատմամբ:

«Ազգ» օրաթերթը, բազմիցս անդրադառնալով մայրաքաղաքի սեյսմակայունության խնդրին, նշել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի գրեթե 80 տոկոսը վտանգված է: Ճարտարապետ Մինասյանը նշում է, որ շենք կառուցելուց հետո պետք է այն նաեւ խնամել: Ամբողջ աշխարհում ճարտարպետա-շինարարական այս նորմը Հայաստանում ոչ միայն չի պահպանվում, ալեւ ընդունված չէ: «Մենք շենքը շահագործում ենք, որեւէ կերպ չենք ամրացնում եւ հետո ուզում ենք, որ դիմանա: Անհարկի միջամտություններ ենք կատարում, որոնցից շենքերը դառնում են վթարային: Իսկ ժամանակի ընթացքում, եթե կառույցը չես նորոգում եւ ամրացնումՙ քայքայվում է»:

Ներկա դրությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի ավելի քան 10 տոկոսը շտապ վերանորոգման կարիք է զգում: Մինասյանն առաջարկում է, որ առաջնահերթ ամրացվեն քաղաքի հիմքն ու մշակույթը ներկայացնեող 60-ականների շենքերը: Թեպետ այս հարցը բազմիցս բարձրացվել է նաեւ կառավարությունում եւ Ազգային ժողովում, սակայն գերատեսչությունների ղեկավարները պատասխանում ենՙ փող չկա:

Սեյսմոլոգն էլՙ մեջբերելով կառավարությանՙ փող չունենալու մասին հայտարարությունները, հիշեցնում է, որ 20 տարի առաջ Միքայել Մելքումյանը դարձավ գյուտի հեղինակ: Նրա առաջարկած մետաղյա բարձիկները շինություններն ամրացնում էին առանց մարդկանց տարհանելու: «Այդպես 36 շենք ամրացվեց, սակայն գործըթացը կանգնեցվեց: Ինչո՞ւ, ո՞ւմ ձեռք չէր տալիս դա», հարցնում է սեյսմոլոգըՙ ընդգծելով, որ Մելքումյանի առաջարկը մատչելի էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4