«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


2 ԶՈՀ, 3 ՎԻՐԱՎՈՐ

Մեկ ամսում Ադրբեջանը 1150 անգամ խախտել է հրադադարը

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբՙ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում նոյեմբեր ամսին գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 1150 դեպք: Հայաստանի սահմանին գրանցվել է Ադրբեջանից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայնՙ նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադրի ռեժիմը խախտել է 950 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից: Դիպուկահար զինատեսակից ավելի քան 300 կրակոց է հնչել:

ՊՆ-ից հայտարարում են, որ հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում են պատասխան գործողությունների դիմում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:

Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով հայկական կողմը մեկ ամսում ունեցել է 3 վիրավոր եւ 2 զոհ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին եւ 20-ին հակառակորդի գնդակից մահացել էին 19-ամյա ժամկետային զինծառայողներ Արեն Սիմոնյանը եւ Միհրան Մարգարյանը: ՀՀ ՊՆ-ն եւ ԼՂՀ ՊԲ-ն կատարվածից հետո հայտարարեցին, որ դիմելու են պատժիչ գործողությունների, իսկ կատարվածի միակ մեղավորը Ադրբեջանն է: Այս ու մնացած այլ դեպքերին, երբ հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմն ու հայ զինվորներ են մահանում, խաղաղասե՜ր միջազգային հանրությունը որեւէ կերպ չի արձագանքում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4