«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՏԱՐԱԾՎԵԼ ՄԱԿ-Ի ԿՈՄԻՏԵՆԵՐՈՒՄ, ԱՌԱՅԺՄ` ԱՆՀԱՋՈՂ

Շատ զավեշտալի կլիներ մեր օրերում, եթե որեւէ տեղ հանդիպեինք, թե Ադոլֆ Հիտլերը «հաջողությամբ պայքարում էր ռասիզմի դեմ»: Հաստատապես չի գտնվի մեկը, որ դրան հավատա: Եվ փաստացի կան իրավիճակներ, երբ բոլոր շահերի միասնությունն անգամ հնարավոր չի դարձնում իրավիճակների ու իրերի այնպիսի մեկնաբանությունը, որն ակնհայտ աչքակապոցից էլ վատ է:

Աշխարհի աչքին թոզ փչելու հերթական մի ձեռնարկման հարցում Ադրբեջանը հաջողության չհասավ, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալուց հետո, հայտնի ասացվածքի նման, «երես տվին, աստառն է ուզում» մոտեցմամբ է շարժվում: Խոսքը նոյեմբերի 30-ին Նյու Յորքումՙ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամների ընտրությունների մասին է, որոնց մասնակցում էր նաեւ Ադրբեջանը:

Զավեշտալի է նախ այն, որ Ադրբեջանը հավակնություններ ուներ անդամ դառնալու մի կառույցի, որ զբաղվում է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի անդամ պետությունների կողմից այդ փաստաթղթի կիրառման մեխանիզմներով, քննարկում պետությունների ներկայացրած զեկույցները, ռասայական խտրականության առումով առկա հարցերն ու խնդիրները: Այդ կոմիտեն նաեւ զբաղվում է խտրականության դեպքերում վաղ նախազգուշացման ընթացակարգով, միջպետական ու անհատական զգուշացման բողոքարկումների մեխանիզմներով:

Մյուս զավեշտն այն է, որ Ադրբեջանի նման երկիրն էր թեկնածություն առաջադրել այն դեպքում, երբ ադրբեջանական հասարակությանը թեկուզ միայն հայերի առումով մատուցվող ու քարոզվող խտրականությունը բավարար է այն դատապարտումների համար, որ տարբեր ատյաններից, այդ թվում` Եվրոպայի խորհրդի կողմից, հասցեագրվել են Ադրբեջանին` ներառելով նաեւ Ադրբեջանում բնակվող փոքրամասնություններին ու հարեւան երկրների բնակչությանը:

Եվս մեկ զավեշտալի իրողություն, այս անգամ Ադրբեջանի համար, դարձավ այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի կարգավիճակով հայտնված այդ երկրին երես չտվեցին, այլ ճիշտ հակառակը` ցույց տվեցին իր տեղը: Ադրբեջանը չընտրվեց ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի անդամ, ըստ այդմ էլ հարեւանները պետք է հասկանան, որ պետական մակարդակով հակահայկական քարոզչության գործին լծվելը չի կարող կոծկվել ու մատուցվել ռասայական խտրականության դեմ պայքարողի դիմակի տակ:

Ամեն դեպքում, ՄԱԿ-ի կառույցներում մետաստազներ տարածելու ադրբեջանական փորձերը հաստատ այս մի կոմիտեով չեն սահմանափակվի, բայց թե միջազգային այս ատյանի մյուս կառույցներն էլ կունենան այդքան ողջախոհություն կամ չեն առաջնորդվի շահերով, այլ սկզբունքներով ու արժեքներով` ցույց կտա ժամանակը: Ասել է թե Ադրբեջանի` նշված կոմիտեում անդամ չդառնալը խնդալու առիթ չէ, այլ մտորելու, որ գուցե աշխարհին ինչ-որ հարցերում տեղեկացնելու հարցում այնքան էլ չենք հաջողել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4