«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹՈՇԱԿ-ՆՊԱՍՏ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿԱՆ

Վերահսկիչ պալատն այս էլ երկրորդ արտագնա նիստն է անում մարզերում այս շաբաթ, երեկվանը Գեղարքունիքի մարզպետարանում էր: Այստեղ տեղի ունեցած ՎՊ խորհրդի նիստից հետո, մարզում վերահսկած ոլորտներում հայտնաբերված խախտումներից առանձնացնենք հատկապես սոցիալական ապահովության ծառայության խախտումները: Ըստ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի լրագրողներին հայտնած տվյալների` մարզի Մարտունու շրջանի սոցիալական ծառայությունում 22 մլն դրամից ավելի խախտումներ են հայտնաբերվել, Գավառում` 5,2 մլն դրամի, Սեւանում` 7,2 մլն դրամի, Ճամբարակում` 19 մլն դրամի: Հատկապես խախտումներ կան այն պատճառով, որ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստի լինելը չի ստուգվել, եւ նպաստներ են ստացել այնպիսիք, որոնք չպետք է ստանային: ՎՊ նախագահը կրկնեց այն միտքը, ինչ նշել էր Արարատի մարզում հայտնաբերված նման խախտումների առիթով, թե պետք է հասնեն նրան, որ խախտման համար պատասխանատվություն կրի սոցծառայության ղեկավարը կամ աշխատակիցը, ընդ որում` խախտման գումարները վերադարձնելով սեփական գրպանից: Նոր տարվա առաջին ամսվանից Վերահսկիչ պալատը պետք է ինտենսիվ վերահսկողություն իրականացնի թոշակ-նպաստ համակարգում ողջ երկրով մեկ, վերջապես այս ոլորտում խախտումները պետք է նվազագույնի հասնե՞ն, թե՞ ոչ:

Մեր կողմից նշենք, որ Գեղարքունիքի մարզի հատկապես Վարդենիսի տարածքի սահմանամերձ գյուղերում սարսափելի աղքատություն է տիրում, եւ «Ազգը» ժամանակին հոդվածաշարով էր հանդես եկել, որտեղ պատմել էինք նպաստների անարդար եւ աչառու բաշխման դեպքերի մասին: Ընդ որում` նպաստառուները հաճախակի անդրադառնում էին այն փաստին, որ նպաստ նշանակելու դիմաց առաջին երկու-երեք ամիսների նպաստները ստիպված են թողնել սոցծառայության աշխատակցին: Հուսով ենք` այսպիսի վերահսկումները կօգնեն գոնե մասամբ շտկելու իրերի դրությունը ոլորտում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4