«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ ԿԱՐԳԱԽՈՍԸՙ «ՀԱՆՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ»

Նոյեմբերի 17-18-ին հանրային դիվանագիտության ծրագրի շրջանակում Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի սեմինարը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբՙ Սաքունցը հանդիպմանը խոսելով բանակում առկա կոռուպցիայի, իրավախատումների եւ խաղաղ պայմաններում զոհերի քանակի մասին, նոր ու թարմ գաղափարներով է ներկայացել: Դրանցից մասնավորապես երեքը նորություն էին հայ հասարակության համար: Սաքունցը հայտարարել է, որ «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները» Հայաստանն ու Ադրբեջանը խախտում են: Սաքունցը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգավոր երկիր է Հայաստանի համար եւ հայ-թուրքական սահմանն իրականում ռուս-թուրքական սահման է, որովհետեւ սահմանը հսկում են ռուս սահանապահները: Արթուր Սաքունցը երեկ չի հերքել այս տեղեկատվությունը: Մասնավորապես HayNews-ին տված հարցազրույցում Սաքունցը հայտարարել է. «Ասել եմ, որ Ադրբեջանի դեպքում սպառազինությունն ավելի մեծ չափերի է հասնում, բայց Հայաստանն էլ է խախտում: Ես պնդել եմ, որ ժամանակն է, որ միջազգային կառույցները կանգնեցնեն այս մրցավազքն ու խախտումների վրա աչք չփակեն»: Փաստորեն Սաքունցը այս դեպքում եղել է հակառակորդի ներկայացուցիչ եւ իր վարքագծով ապացուցել, որ իր գործունեությունը ոչ թե հանուն Հայաստանի է, այլՙ հանուն Ադրբեջանի: Սաքունցը Հայաստանին մեղադրել է նրանում, ինչը տարիեր շարունակ կատարել է հակառակորդ թշնամի երկիրը: Մեզ համար իհարկե հասկանալի է, որ Սաքունցն այլ կերպ վարվել չէր կարող, հակառակ պարագայում միջազգային կազմակերպություններից ստացվող գրանտները չէին մտնի իր գրպանը, մեզ համար նաեւ հասկանալի է, որ գրանտակերը հայրենիք չունի, սակայն, անգամ նրանց համար, եթե ոչ հայրենիքը, պետությունը, ապա գոնե մեր ազգային բանակը պետք է արժեք ունենա, հատկապես, երբ այդ բանակի ու պատերազմի դաշտում զոհված զինվորների արյան գնով է ապահովվում մի ամբողջ ժողովրդի, այդ թվում եւ ի՛ր կյանքն ու անդորրը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանը վերահսկող ռուս սահմանապահներինՙ տեղեկացնում ենք, որ այդ զորամասում զինծառայողների ավելի քան 60 տոկոսը հայեր են, ռուսական զորքը Հայաստանի սահմաններին տեղաբաշխված է միջպետական պայմանագով, իսկ սահմանի մյուս կողմում հենց ՆԱՏՕ-ի ուժերն ենՙ թուրքական բանակը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4