ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի յոթերորդ նիստը:
Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները մեր երկիրը արդյունավետորեն իրականացրել է: Հատկապես դրական են պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում իրականացված բարեփոխումները, որոնք արժանացել են փորձագետների բարձր գնահատականին, արտակարգ իրավիճակների ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ Հայաստանում ճգնաժամերի կառավարման կենտրոնների ստեղծումը»:
Զեկույցներով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները` իրենց գերատեսչություններին վերաբերող մասով ներկայացնելով ՀՀ-ՆԱՏՕ նախորդ` 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման 4-րդ եռամսյակի ամփոփ պատկերը: 2009-2010թթ. ԱԳԳԾ-ի շրջանակներում մշակվել եւ հաստատվել են մի շարք կարեւորագույն փաստաթղթեր, այդ թվում` «Քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը», «Ռազմարդյունաբերական համալիր զարգացման հայեցակարգը» եւ մի շարք այլ փաստաթղթեր: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում մշակվել եւ ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատվել են նաեւ «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը», «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի» 2011-2012թթ. գործողությունների ծրագիրը եւ ՀՀ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը: Համագործակցության շրջանակներում Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունները մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան եւ տարբեր այլ ձեւաչափերով կազմակերպվող ամենամյա նիստերին եւ համաժողովներին:
ԱԱԽ քարտուղարը նշել է, որ արդեն հաստատված` 2012-2013թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել արդիական խնդիրներ արտացոլող եւ 152 գործողություն ներառող փաստաթուղթ է, որում ընդգրկվել են շարունակական բնույթ կրող միջոցառումները, ինչպես նաեւ ավելացել են նոր գործողություններ: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանային անվտանգության խնդիրներին, ռազմակրթական համակարգի բարելավմանը, շրջակա միջավայրի եւ քաղաքացիական ճգնաժամերի պլանավորման խնդիրներին: