Ազգային ժողովի` կառավարության նախաձեռնությամբ հրավիրած վերջին արտահերթ նիստում քննարկվեց նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծն առաջին ընթերցմամբ, որը սակայն չքվեարկվեց, քանի որ ե՛ւ խորհրդարանական ընդդիմությունն էր լայն քննարկում պահանջում, ե՛ւ ԱԺ-ի մոտ բողոքի գործողություն իրականացնող բնապահպանական կազմակերպությունները: Վերջիններիս առանձնապես բարկացրել էր, որ վերը նշված օրենքն ու բողոքի օրն ընդունված «Ընդերքի մասին» օրենքը Ազգային ժողով են հասել Օրհուսի եւ Էսպոյի կոնվենցիաների կոպիտ խախտումներով, չեն ապահովվել մասնավորապես այդ օրենքների լայն քննարկումները հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ: Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն այն ժամանակ խորհրդարանական լսումներ խոստացավ, եւ երեկ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանության հարցերի եւ տնտեսական հանձնաժողովները նախաձեռնել էին այդ եւ հարակից «Պետտուրքի մասին» օրենքերում փոփոխություններ առաջարկող փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Քննարկումներին մասնակցում էին օրենսդիրները, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ոլորտի մասնագետները, իսկ քննարկումներն ու բանավեճը բավական բուռն էին: Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը քննարկման ավարտին խոստացավ, որ հաշվի կառնվեն հնչած կարծիքները` փաթեթն ամբողջական եւ լիարժեք դարձնելու համար: Իսկ այդ կարծիքները բավական ընդգրկուն նյութի էին առնչվում: Հատկապես փաթեթին ընդդիմախոսող ՀԿ-ների ներկայացուցիչները պնդում էին, որ փաթեթի նախագծերը պետք է հետ կանչել եւ նոր փաթեթ մշակել, բացի դրանից` նաեւ այլ օրենքներում եւս փոփոխությունների հարկ կա, իսկ եթե այս փաթեթն է մնալու` Օրհուսի համապատախանության կոմիտեից փորձագիտական եզրակացություն պետք է ստանալ: Ե՛վ բնապահպանները, ե՛ւ ՀԿ-ների ներկայացուցիչները խոսում էին արտահերթ եւ շտապողաբար այսպիսի փոփոխություններ ընդունելու վտանգի մասին` մասնագիտական ուսումնասիրությունների եւ եզրակացությունների համար ժամանակն է քիչ: Չխորանալով հնչած առաջարկների մեջ` նշենք միայն, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոստացավ առաջարկների քննարկում եւ դրանցից ընդունելիների արտացոլում լրամշակված փաթեթում: Արտացոլելը չգիտենք, բայց այս կարգի հանրային նշանակության նախագծերի հանրային լայն քննարկումների պահանջը որոշ իմաստով իրացվեց խորհրդարանական լսումներում:
Մ. Խ.