Սուրճ իրացնողները տուգանվեցին 25 մլն դրամի չափով
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երեկվա նիստում տուգանվելու հերթը սուրճ իրացնող կազմակերպություններին էր: Հիշեցնենք, որ նախորդ անգամ հանձնաժողովը տուգանեց այն ընկերություններին, որոնք կարագի անվան տակ սպրեդ էին վաճառել: Այս անգամ փաթեթավորված սուրճի տուփերում հայտնաբերվել են գարի, կաղին եւ այլ հավելումներ: Մինչդեռ, առանց բացառության, բոլոր տուփերի վրա մակնշված է եղել, որ պարունակում է միայն բարձրորակ` հարյուրտոկոսանոց սուրճ առանց հավելանյութերի:
«Ֆեռո» (Ֆեռո), «Վալետտա» (Պրեմիեր), «Բյուրակն» (Պիրամիդ Էլիտ) «Վանս գրուպ» (Սթար), «Ասկոլիո» (Մարսել) ընկերությունները մոլորեցրել են սպառողներին` իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաեւ առողջության համար կասկածելի արտադրանք: Հանձնաժողովի դիտարկմամբ, դրանով վերոնշյալ ընկերությունները բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ ստացել են մրցակցային լուրջ առավելություններ, քանի որ շնորհիվ էժանագին հավելանյութերի կարողացել են սուրճը իրացնել անհամեմատ ցածր գնով: Տնտեսվարողի որեւէ վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար նրանցից յուրաքանչյուրը տուգանվեց 5 մլն դրամով:
Բացի վերոնշյալից, փորձաքննության ենթարկված մոտ 2 տասնյակ փաթեթավորված սուրճի տուփերում թեեւ հավելանյութեր չեն հայտնաբերվել, բայց արտադրանքը ցածրորակ է եղել, իսկ երբեմն էլՙ ոչ պիտանի օգտագործման համար: Այսինքն, սուրճի բաղադրության մեջ կոֆեինի պարունակությունը չափազանց քիչ է եղել:
Ի տարբերություն եվրոպական երկրների եւ Ռուսաստանի Դաշնության, որտեղ այս խնդիրը հստակ կանոնակարգված է եւ արտադրողը պարտադիր կերպով տուփի վրա նշում է կոֆեինի պարունակության աստիճանը, իսկ որոշակի շեմից ցածր լինելու դեպքում նշում է, որ դա կոֆեինազրկված է, Հայաստանում սպառողը տեղեկացված չէ, թե ինչ սուրճ է գնում: Այս խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովը որոշեց դիմել գյուղատնտեսության նախարարությանը, քանի որ շատ տնտեսվարողներ դրսեւորում են անբարեխիղճ վարքագիծ:
Հանձնաժողովը այս ոլորտի տնտեսվարողներին եւս հորդորեց զերծ մնալ անբարեխիղճ վարքագծից, զգուշացնելով, որ խախտումը կրկնելու դեպքում կիրառվելու են անհամեմատ բարձր տուգանքներ:
Թե՛ կարագի անվան տակ սպրեդ իրացնողների, թե՛ սուրճ իրացնողների նկատմամբ հանձնաժողովի որոշումը միանշանակ դրական է, բայց երկու դեպքում էլ հարց է ծագում, թե ավելի քան 10 տարի գործող հանձնաժողովն ինչո՞ւ մինչ հիմա այս երեւույթները չէր նկատել եւ չէր պատժել դրանց հեղինակներին: Ակնհայտ է նաեւ, որ միայն այս ապրանքներում չեն խաբեություններ կատարվում, եւ վաղուց արդեն ժամանակն է, որ կառավարությունը, գյուղնախարարությունն ու տնտեսական մրցակցության հանձանժողովը համակարգված գործողություններ ձեռնարկեն եւ ուղղակի պարտադրեն տնտեսվարողներին ազնիվ լինել սպառողների հանդեպ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ