«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ՍՈՒԳԸ ՀԱՎԵՐԺ Է, ԵՐԲ ՊԱՅՔԱՐ ՉԿԱ

Այսօր լրանում է Հայաստանի անկախության վերականգնման նվիրյալ, Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի 50-ամյակը:

Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, որը դուրս եկավ պայքարի Խորհրդային Միության դեմ: Պարույր Հայրիկյանի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի հետ եղել է 1967 թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, 1987 թ. սեպտեմբերից ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության` Պ. Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ: Սովորել է Խ. Աբովյանի անվ. երեւանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում: 1984 թ. նկարահանվել է Ա. Մանարյանի «Հող եւ ոսկի» ֆիլմի գլխավոր դերում, սակայն, ցավոք սրտիՙ նա ժամանակ չունեցավ կայանալու այդ բնագավառում: Արցախյան շարժման առաջամարտիկներից էր եւ առաջիններից, որ Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը:

«Սուգը հավերժ է, երբ պայքար չկա», այս նշանաբանով նա կոչ էր անում մարդկանց, որ չկորցնեն իրենց հավատն ապագայի նկատմամբ, եւ ավելացնում. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», կրկնելով այս խոսքերը, հավատով լցված սպասում էր այն բաղձալի օրվան, երբ անկախ ու ազատ Հայաստանը պետք է բարգավաճի:

Մովսես Գորգիսյանը ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը` որպես ապագա ազգային բանակի հիմք: Նա ընդամենը 28 տարեկան էր, երբ զոհվեց թշնամու գնդակից` Երասխավանի պաշտպանության ժամանակ:

Այսօր Մովսես Գորգիսյանի ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գտնվող նրա գերեզմանին տեղի կունենա խնկարկման ծիսակարգ, իսկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` հանդիսավոր միջոցառում:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4