Դեկտեմբերի 4-ին, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հրավերով, միայն մեկ համերգով հանդես կգա ռոմանտիզմի դարաշրջանի կոմպոզիտորների գործերի մեկնաբանմամբ համաշխարհային ճանաչման արժանացած, վիրտուոզ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն (Լեքսո): Նա կատարողական արվեստում իր առաջին հաջողությունն արձանագրել է Հայաստանում 1969-ին: 16 տարեկան պատանի դաշնակահարը մասնակցել է Երեւանում կայացած դաշնակահարների անդրկովկասյան մրցույթին եւ արժանացել 1-ին մրցանակի: Լեքսոն, այսպես են նրան ճանաչում ու անվանում ընկերներն ու երաժիշտները, ծնվել է Թբիլիսիում: Դեռ մանկուց, ինչպես պատմում էր մաեստրոն, հայրըՙ ճանաչված կոմպոզիտոր, այնուհետեւ Վրաստանի մշակույթի երկարամյա նախարար Դավիթ Թորաձեն, հաճախ իրեն նստեցրել է ծնկներին ու ժամերով ստեղծագործել, միաժամանակ բացատրելով երաժշտության ու գործիքների հնչեղության գաղտնիքները: Հենց այդ ժամանակ էլ փոքրիկ տղայի մոտ երաժշտության հանդեպ սերն ու նվիրումը սկսել է արթնանալ: Նա այնուհետեւ տեղափոխվում է Մոսկվա, ավարտում Չայկովսկու անվ. կոնսերվատորիան, որտեղ եւ հետագայում ստանում է պրոֆեսորի կոչում:
Թորաձեն արդեն շուրջ 20 տարի դասավանդում է Ինդիանայի համալսարանում, որի պրոֆեսորն է: Նա նաեւ Տոկիոյի եւ Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դաշնակահար է: Արդեն 32 տարի է, ինչ աշխարհի շատ բեմեր գրաված, ճանաչում ձեռք բերած կոմպոզիտոր-դաշնակահարը ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում:
Երեկ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը Ալ. Թորաձեին ներկայացրեցին մեր օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանը : Նրանք տեղեկացրին, որ Թորաձեն բարեգործական երկու համերգ է տվել նոյեմբերի 20-ին եւ 30-ին Վրաստանում, եւ այդ առիթը օգտագործելով մաեստրո Դուրգարյանը մաեստրոյին առաջարկել է Երեւանում համերգով հանդես գալ: Երաժիշտը սիրով ընդունել է հրավերը եւ իր մեկ համերգը սրտանց նվիրում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ի դեպ, Թորաձեն մի քանի համերգների հասույթը տարիներ առաջ ուղարկել է որպես օգնությունՙ երկրաշարժից անօթեւան ընտանիքներին: Համերգի ընթացքում վիրտուոզ դաշնակահարը, 28 տարի անց, Ալ. Սպենդիարյանի անվ. ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի նվագախմբի հետ, դիրիժորՙ Կարեն Դուրգարյան, կհնչեցնեն Պրոկոֆեւի թիվ 3 եւ Շոստակովիչի թիվ 2 դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտները:
Ալ. Թորաձեի մեկնաբանմամբ «Philips»-ի կողմից թողարկված Սերգեյ Պրոկոֆեւի 5 կոնցերտների ձայնագրությունները (Վալերի Գեորգիեւի ղեկավարությամբ) վճռորոշ դերակատարում են ունեցել, քանզի հենց այդ ձայնագրությունները «Միջազգային դաշնամուր» ամսագրի կողմից ճանաչվել է «բոլոր ժամանակների լավագույն կատարում» (երբեւէ կատարված 70 ձայնագրությունների շարքում): Ներկայումս Թորաձեն ձայնագրում է Շոստակովիչի դաշնամուրի համար կոնցերտը Ֆրանկֆուրտի ռադիոյի նվագախմբի հետՙ Փաարվո Ջարվիի ղեկավարությամբ:
«Ազգի» հարցին, թե 28 տարի անց Երեւանը հիշողություններ արթնացրե՞ց, Թորաձեն ասաց. «Երկու ամիս առաջ ներկա էի Էդ. Միրզոյանի 90-ամյակին եւ այն 3 օրերը, որ անցկացրի Երեւանում, իմ մեջ արթնացրին պատանեկության տարիների անմոռանալի հուշերը: Գիշերները Դուրգարյանի հետ շրջում էինք չքնաղ Երեւանի փողոցներով ու հիանում: Բազմիցս հորսՙ Դավիթ Թորաձեի եւ մորսՙ կինոդերասանուհի Լիանա Ասատյանիի հետ հաճախ ենք հանգստացել Դիլիջանում, Սեւանում ու մոտիկից շփվել հայ կոմպոզիտորների հետ: Հենց այդ շփումներն էլ ինձ համար հանդիսացել են երաժշտական կրթության ու զարգացման հիմքերը, ու ես հաճախ եմ անդրադառնում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին»:
Թորաձեն իր կյանքի ընթացքում երբեւէ իր ուսանողներից վարձավճար չի վերցրել ու անշահախնդիր նրանց համար հարթել է երաժշտական աշխարհ մտնելու ուղին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ