Նոր Նորքի երկրորդ եւ չորրորդ զանգվածներն իրար միացնող փոքր բլրակի վրա է փառահեղորեն վեր խոյացել հայ բանահյուսության թեմայով հյուսված Տորք Անգեղի արձանըՙ ուսավերեւում հսկա մի ժայռաբեկոր, որը խորհրդանշում է թշնամիներին հալածելու մի դրվագ: Մի քանի տարի առաջ, քաղաքի գեղեցկությամբ «տարված» պատկան մի այր, հեռացույցով գեղեցիկ գույներով էր ներկայացնում արձանի շուրջբոլորը դրախտ դարձնելու միտումը: Այնպիսի վառ գույներով էր նկարագրում, որ մեզ թվում էրՙ ուր որ է շուտով զբոսայգին պատրաստ կլինի: Ըստ իրենցՙ եդեմավայել զբոսայգի, ուր վարդի թփերին կոստոստան բլբուլն ու սոխակը, մի առանձին քաղցր դայլայլով շուք կտան նորակառույց այգուն: Ավա՜ղ, դրանք դատարկ խոսքեր էին: Արձանը դեռ կանգնած է, սակայն ոտքերըՙ հոշոտված: Ապիկար մարդիկ պոկել-տարել են պղնձյա շերտերը, ոտքերը թողնելով սպիտակավուն գիպսի ներքո, որը փայլփլում է արեւի ճառագայթների ներքո ու թվում է, թե վերանորոգող է կանչում... Դեռ ավելին, երկու սարալանջերը միացնող ձորակում գեղեցիկ մի կամրջակ էր կառուցված, մարդիկ հեշտությամբ անցնում էին մի լանջից մյուսը: Հիմա դա չկա: Ընչաքաղց մարդիկ ավերեցին, ամրակները թռցրին, կողքի բազրիքները նույնպես հոշոտեցին: Դա դեռ ամենը չէ: Մի մարդ այգի է գցել ձորնիվեր, դեպի արձանը եւ արձանի ու իր այգու միջեւ հազիվ է մի կածան թողել... Երկու տարի առաջ լսեցի, որ բռնել են արձանը հոշոտող հանդուգն արարածին: Համոզված եմ, որ քաղաքը գեղեցկացնող այրերը կհոգան արձանի նորոգման եւ նրա շուրջը կառուցվող զբոսայգու մասին:
Սպասումներովՙ Ռ. ԽԱԼԱԹՅԱՆ