Ութ տարի ԱՄՆ նախագահներ Ջոն Քենեդիի եւ Լինդոն Ջոնսոնի վարչակազմերում ծառայած (պաշտպանության նախարարի օգնական, ռազմածովային նավատորմի նախարար եւ այլն) հայազգի Պոլ Ռ. Իգնատիոսը (Իգնեյշըս) դեկտեմբերի 8-ին Ամերիկայի Հայկական ուսումնասիրությունների (ՆԱԱՍՐ) կենտրոնում (Բելմոնտ, Մասաչուսեթս) ներկայացնելու է իր «Այժմ մասամբ գիտեմ» (Now a know in part) խորագրով հուշագրությունների նոր գիրքը, որ «Հայկական ժառանգության հրատարակությունն» է լույս ընծայել:
«Արմինյըն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբՙ դրանով մեկնարկելու է ՆԱԱՍՐ-ի ծննդյան տոներին նվիրված միջոցառումների շարքը:
Պոլ Իգնատիոսի ծնողները Խարբերդից են: Ինքն ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը եւ մագիստրոսի աստիճան ստացել Հարվարդի համալսարանից: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է «Վաշինգտոն փոստ» թերթի պրեզիդենտ (2 տարի) եւ Ավիատրանսպորտային ասոցիացիայի պրեզիդենտ (15 տարի): արժանացել է բազմաթիվ մրցանակների: Նախկինում հրատարակել է նաեւ «Կյանքս ռազմածովային ուժերում, կառավարությունում եւ գործարար շրջանակներում» խորագրով գիրքը:
Հ. Ծ.