Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան 16) մեկնարկում է Start-Up Weekend Yerevan նորարար նախագծերի մրցույթը:
Այս տարի առաջին անգամ Հայաստանում ArmNet 2011-ի շրջանակներում տեղի կունենա նաեւ «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք շուրջ 3 օր աշխատելու են` ներկայացնելու եւ թեստավորելու իրենց նորարար նախագծերն ու մտահղացումները ինտերնետի ոլորտում:
Start-Up Weekend-ին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 50 երիտասարդներ, որոնք կբաժանվեն խմբերի: Խմբերից յուրաքանչյուրը կաշխատի մեկ գաղափարի իրականացման վրա:
Որպես «Start-Up Weekend Yerevan» նախագծի ժյուրի` Հայաստան են ժամանել ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային ականավոր մասնագետներ, ինչպիսիք են` Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաեւը (Ռուսաստան), Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը (ԱՄՆ), high-tech start-up ոլորտի խորհրդատու եւ փորձագետ Յարոսլավ Բիալեկը (Լեհաստան), Հայաստանից` Անդրեյ Վանյանը (Sitemax), Վահե Տոռոզյանը (TX Systems) եւ այլոք:
Նախաձեռնության նպատակն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ու նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման խթանումը Հայաստանում: Կազմակերպիչները հույս ունեն, որ «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի շնորհիվ Հայաստանի նորարարական ընկերությունների շարքին կմիանան նորաստեղծ ընկերություններ, ինչը գործուն ներդրում կլինի նորարարական տնտեսության կայացման եւ զարգացման գործում:
«Start-Up Weekend Yerevan» մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 4-ին: