Նոյեմբերի 23-30-ը 6-րդ անգամ Երեւանում անցկացվեց Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնը` Հայաստանի թատերական գործիչների միության եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնը առաջին անգամ անցկացվել է 2006թ.-ին: Այն հիմնադրվել է ՀԹԳՄ-ի կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ, գլխավոր նպատակն է` ներկայացնել երիտասարդ ռեժիսորների նոր բեմադրությունները` բացահայտել նոր անուններ (փառատոնին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան ռեժիսորները):
Երեկ ՀԹԳՄ-ում կայացած Երիտասարդ ռեժիսորների VI հանրապետական փառատոնի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանը , ՀԹԳՄ քարտուղար Լեւոն Մութաֆյանը , երիտասարդ ռեժիսորներ` Հենրի Քոչարյանը , Սամսոն Մովսիսյանը ներկայացրեցին փառատոնի առանձնահատկությունները:
ՀԹԳՄ քարտուղար Սոնա Մելոյանն ընդգծեց. «Այս 6 տարիների ընթացքում Երիտասարդ ռեժիսորների հանրապետական փառատոնի նմանը դեռ չի եղել, ինչպիսին այս տարվանն էր: Ի տարբերություն մյուս տարիների ներկայացումների, որոնց հաջողությունը ֆորմայի մեջ էր, եւ արտիստը մղված էր երկրորդ պլան, այս տարի նման բանի չհանդիպեցինք»: ԹԳՄ քարտուղար, թատերագետ Լեւոն Մութաֆյանն էլ հավելեց. «Ընդհանրապես որեւէ փառատոն վերածվում է ներկայացումների ցուցադրման, քան թե մասնագիտական վերլուծությունների եւ մեկնաբանությունների: Կարող եմ արձանագրել, որ այս փառատոնը վերջին 20 տարիների ընթացքում եզակի է, քանի որ ծավալվել են համակողմանի, խոր, մասնագիտական քննարկումներ (ներկայացումներից հետո անցկացվել են թատերական քննարկումներ-Մ.Հ.)»:
Այս տարի Երիտասարդ ռեժիսորների VI հանրապետական փառատոնին ներկայացվել է 8 բեմադրություն` ռեժիսորներ Գոռ Մարգարյանի` «Լյուսիեն Լյուկ», Զարուհի Անտոնյանի`«Թեւավորը» , Իրա Հարությունյանի`, «Գայլն ու յոթ ուլիկները», Գոհար Փոքրիկյանի` «Ուրիշ մարդը», Հենրի Քոչարյանի` «Զգուշացեք, կանայք են», Սամսոն Մովսիսյանի` «Քիթը», այդ թվում 2 ներկայացում մարզային թատրոններից. Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ կներկայացնի «Բլեզ» ներկայացումը, իսկ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը Սարգիս Մանուկյանի բեմադրած «Խիստ սիրահարված տաքսիստը» ներկայացումը:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ