«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՎԱՃՄԱՆԸ

Այսօր ԱՄՆ-ում կկայանա Դարչինյան-Մորենո մենամարտը

Այսօր Կալիֆոռնիայի նահանգի Անահայմ քաղաքում թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կմենամարտի քաշային նույն կարգում WBA-ի վարկածով չեմպիոնական գոտու տեր, պանամացի Անսելմո Մորենոյի հետ: 35-ամյա Վախթանգը կփորձի նվաճել նաեւ WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը ու իր չեմպիոնական գոտիների թիվը հասցնել 9-ի:

Բռնցքամարտի սիրահարներն անշուշտ տեղյակ են, որ Վախթանգն իր վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա սեպտեմբերի 3-ին Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում: Նա տպավորիչ հաղթանակ տոնեց Էվանս Մբամբայի նկատմամբ ու պահպանեց IBO-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Իսկ մենամարտից հետո Դարչինյանը չեմպիոնական գոտին նվիրեց հանդիպմանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Եվ ահա 35-ամյա հայ անվանի բռնցքամարտիկը չբավարարվելով պրոֆեսիոնալ ռինգում ունեցած նվաճումներով, հերթական չեմպիոնական մենամարտն է անցկացնելու: Դա կլինի Դարչինյանի 42-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Վախթանգը 37 անգամ ռինգից հաղթանակած է հեռացել, մեկ մենամարտ ավարտվել է ոչ-ոքի եւ միայն 3-ում է պարտություն կրել: Նրա մրցակիցըՙ Անսելմո Մորենոն 9 տարով փոքր է Վախթանգից: Պրոֆեսիոնալ ռինգում Մորենոն 33 մենամարտ է անցկացրել, որից 31-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտվել է:

Ինչպես միշտ, մենամարտից առաջ Դարչինյանը վստահ է իր ուժերին. «Մորենոն լավ բռնցքամարտիկ է: Սակայն նա մարտիկ չէ, ռինգ դուրս չի գալիս միայն հաղթելու համար: Նա պաշտպանողական ոճի բռնցքամարտիկ է: Նա պարզապես ցանկանում է շահել ռաունդները: Ես նրա համար շատ ուժեղ բռնցքամարտիկ եմ, թեեւ չափսերով նա ավելի մեծ է: Շատ լավ եմ նախապատրաստվել առաջիկա մենամարտին եւ ձգտելու եմ անպայման հաղթել: Սակայն պետք է համբերատար լինեմ ու չշտապեմ: Դա ինձ հետ արդեն կատարվել է Ագբեկոյի հետ մենամարտում, որին ցանկանում էի հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել: Այդ մրցավեճում շատ էի շտապում, չէի տիրապետում ինձ, քանի որ մտածում էի միայն նոկաուտի մասին: Նման բան այլեւս չի կրկնվի»:

«Ես եւս ուժեղ բռնցքամարտիկ եմ, ինչպիսին Վախթանգ Դարչինյանն է: Մարզական կարիերայումս եկել է պահը, երբ արդեն պատրաստ եմ մենամարտել այնպիսի անվանի մրցակիցների հետ, որոնց թվին է պատկանում Վախթանգ Դարչինյանը: Նա պրոֆեսիոնալ ռինգում մեծ նվաճումների է հասել, ուստի հարգում եմ նրան: Նա ռինգում արագաշարժ է եւ ձգտելու է գրոհել: Քաջատեղյակ եմ նրա հուժկու հարվածների մասին: Մենք լավ ուսումնասիրել ենք մրցակցի մարտաոճը եւ առաջիկա մենամարտում կդիմագրավեմ նրան», նշել է Անսելմո Մորենոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4