Այսօր Չեխիայի Մարիանսկե Լազնե քաղաքում մեկնարկում է վետերան շախմատիստների ուշագրավ մրցաշար տղամարդկանց եւ կանանց թիմերի միջեւ: Տղամարդկանց վետերանների թիմում հանդես գալու հրավեր է ստացել հայկական շախմատի անվանի վետերան, վերջերս իր 60-ամյակը նշած Ռաֆայել Վահանյանը: Նրա թիմակիցներն են Ռոբերտ Հյուբները, Վլաստիմիլ Հորտը եւ Բորիս Գուլկոն:
Կանանց թիմի կազմում մրցաշարին կմասնակցեն Տանյա Սադչեւան, Նատալյա Պոգոնինան, Եվա Կուլովանան եւ Մարիա Մուզիչուկը: Կանանց թիմը, որի կազմում երիտասարդ շախմատիստուհիներ են, «Ձնծաղիկներ» անվանումն է կրում: Իսկ տղամարդկանց վետերանների թիմը կոչվում է «Հին ձեռքեր»:
Մրցաշարում կանցկացվի 8 տուր, խաղերը կսկսվեն Երեւանի ժամանակով ժամը 18-ին: Հետաքրքրական է, որ մրցաշարի պարտիաները մեկնաբանողների թվում կլինի նաեւ Չեխիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը: