«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2011-12-01 | #218, 2011-12-02 | #219, 2011-12-03


ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավորՙ Ռուբեն Ներսիսյան) իր ավարտին հասավ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Հայկ Դեմոյանի դեմ «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի ներկայացրած հայցով դատավարությունը, որը տեւեց շուրջ կես տարի: Հիշեցնենք, որ Այվազյանը Դեմոյանին մեղադրում է ԱՄՆ «Վերադարձ» հեռուստածրագրի ս. թ. մարտի 30-ի հաղորդման ընթացքում եւ համացանցում տեղադրած մի գրությամբ իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար, ինչի հիմամբՙ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հայց էր ներկայացրել հիշյալ դատարան:

Նիստն սկսվեց ավելի քան կես ժամ ուշացումով, ինչը անսովոր չէ ՀՀ դատարանների համար: Դատավոր Ռ. Ներսիսյանը «հանուն Հայաստանի Հանրապետության» ընթերցեց դատարանի որոշումըՙ մերժել հայցը, ընդ որումՙ մերժման որեւէ հիմնավորում չտրվեց: Ավելին, դատարանը որոշեց Այվազյանից բռնագանձել 60 հազար դրամՙ «դատական ծախսերի համար»:

Նիստից հետո հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը մեզ հայտնեց, թե առայժմ ձեռնպահ է մնում դատարանի որոշմանը գնահատական տալուցՙ մինչեւ դրա խոր ուսումնասիրելը: Այդուհանդերձ, նա վստահեցրեց, թե որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում, ու, այնտեղ էլ արդարության չհասնելու դեպքում, պատրաստ է հայցը հասցնել վերադաս դատական ատյաններին:

Այվազյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, ուր հրավիրվել է մասնակցելու ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձի առիթվ «Հայրենասեր» միության միջոցառումներին:

Ուրեմն, ՀՀ-ում եւ արտերկրում, ինչո՞ւ չէՙ նաեւ տիեզերքի որեւէ կետում, կարելի է վիրավորել ու զրպարտել որեւէ մեկին ու մնալ անպատիժ, եթե իհարկե... վերեւներում հովանավոր ունես: Միամիտս չէր հասկանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանիՙ ՀՀ-ում «անօրեն դատավորների» գոյության մասին արտահայտությունը: Հիմա արդեն շա՜տ լավ եմ հասկանում...

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4