«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Արդեն 23-րդ անգամ դեկտեմբերի 7-ը Գյումրիում սկսվեց քաղաքային գերեզմանատներ` 88-ի դաժան արհավիրքի անմեղ զոհերի շիրիմներին մարդկանց զանգվածային այցելությամբ, Սբ Յոթվերք եւ մյուս եկեղեցիներում նրանց հիշատակին մատուցված հոգեւոր պատարագով: Կեսօրին մոտ հիշատակի արարողություններին մասնակցեց Սպիտակից ու Վանաձորից հետո այստեղ ժամանած ՀՀ կառավարական պատվիրակությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Քաղաքի կենտրոնում, վերականգնվող Ս. Ամենափրկիչ եկեղեցուն հարակից տարածքում գտնվող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին Հայաստանի նախագահի, պետական, հասարակական, կրթական, մշակութային եւ այլ կառույցների կողմից, նաեւ հոգեհանգստյան կարգ կատարվեց:

Գյումրուց հետո վարչապետն ու նրան ուղեկցող անձինք այցելել են Շիրակի մարզի Ամասիայի նախկին շրջկենտրոն, մասնակցել այստեղ հիմնանորոգված` 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի եւ առողջության կենտրոնի բացմանը: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ նորոգված մանկապարտեզի շենքում, որի շինաշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 100 մլն դրամ, ստեղծված են մանուկների դաստիարակության, ժամանցի, կենցաղի ու հանգստի լավ պայմաններ, իսկ երկրորդ հարկում տեղակայված` 80 հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճը կարող է օգտագործվել նաեւ համայնքային միջոցառումների համար: Իսկ շինաշխատանքների 88 մլն դրամ արժեքով, համայնքի եւ նրան հարակից բնակավայրերի շուրջ 9 հազար բնակչի սպասարկող բուժհաստատությունն ունի անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրված ծննդատուն, պոլիկլինիկա եւ շտապօգնության ծառայություն:

Վարչապետն այցելել է նաեւ Ամասիայի տեքստիլ արդյունաբերության գործարան, ծանոթացել նրա արտադրական գործընթացին: Հանրապետության այս հեռավոր բնակավայրում այսօր 105 աշխատատեղ ապահովող ձեռնարկության արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Գերմանիա:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4