2012թ. ապրիլին հերթական ընտրությունների նախապատրաստվող Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի հրավերով Մարսելում սկսվեց Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (European People's Party (EPP)) 20-րդ համաեվրոպական կոնգրեսը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Panorama.am-ը, այս երկօրյա համաժողովին հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրված է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի «Ազգային Շարժում Միավորում» կուսակցության, կամ UMP-ի, եւ ԵԺԿ-ի նախագահ Վ.Մարտենսի հովանավորությամբ անցկացվող այս հավաքը, ինչպես սպասվում է, կընդունի «Առաջ տանելով Եվրոպան» փաստաթուղթը, եւ այս առիթով Մարսել են հրավիրվել նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության առավել հաջողակ երեք պետությունների ղեկավարները` Սերժ Սարգսյանը, Միխեիլ Սաակաշվիլին եւ Վլադ Ֆիլատը (Մոլդովա):
Կոնգրեսը մասնակիցների առումով իրոք ներկայացուցչական է` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուից մինչեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել եւ Իսպանիայի նորընտիր վարչապետ Մարիանո Ռախոյ:
Հայաստանի ներկա խորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր կուսակցությունները (բացառությամբ Սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ ՀՅԴ-ի) հայտ են ներկայացրել աջ կենտրոնամետ կուսակցությունների միավորում հանդիսացող ԵԺԿ-ին անդամակցելու համար, սակայն վերջնական որոշում` այս պահի դրությամբ դեռեւս չի հրապարակվել:
Ս.թ. մայիսի 10-ին Երեւանում վարչապետ Տ.Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում ԵԺԿ նախագահ Վ.Մարտենսը դրական էր արտահայտվել 2008-ի ընտրություններից հետո երկրի քաղաքական եւ քաղաքացիական դաշտի բարեփոխումներին եւ ազատականացմանը ուղղված քայլերը, նշելով, որ «ընտրական օրենսգրքի վերաբերյալ բարեփոխումները խոսքի, միավորումների ազատության նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը ապացուցում են, որ կառավարությունը կամք է դրսեւորում այդ բարեփոխումներն իրենց ավարտին հասցնելու հարցում»: Արդեն նոյեմբերի 8-ին` դիմելով ԵԺԿ քաղաքական ասամբլեային Բրյուսելում վարչապետ Տ.Սարգսյանը խոսել էր Հայաստանում հայտարարագրված արժեքների եւ օսմանյան ու խորհրդային կայսրությունների թողած իրականության միջեւ առկա տարբերությունների մասին, հույս հայտնելով, որ Եվրոպայի օգնությամբ Հայաստանը կարող է հաղթահարել այդ անդունդը նույնպես:
Արդյունքում` ԵՄ-ի հետ տնտեսական եւ քաղաքական ինտեգրումն առավել զարգացնելու ռազմավարության մասին բարձրաձայնող երկրի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է համաեվրոպական հիմնական քաղաքական կուսակցության համագումարին, իսկ այսօր ներկաներին է դիմելու առանձին ելույթով:
panorama.am