«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՄՈՏԱԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԿՈՉՈՎ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԲԱԶՄԱԳԼՈՒԽ» ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Ղարաբաղյան գործընթացում հնարավորությունների տարբեր «պատուհաններ» բացվում ու փակվում են, գործընթացն էլ առաջ չի գնում, բայց մեկ հարցում ամենայն հստակությունն արդեն ակնհայտ է. ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու, նշելու բոլոր կոչերի ու հայտարարությունների կոնկրետ հասցեատերերին, ինչպես նաեւ խստորեն արձագանքելու շփման գծի բոլոր այն միջադեպերին, որ մարդկային զոհերի պատճառ են դառնում:

Կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման «ժամանակի» գալուն զուգահեռ ձեւավորվել է առավել լարվող իրավիճակը որեւէ կերպ հարթելու հրամայական: Բայց չնայած այս ամենին, միջնորդները թեեւ քիչ-քիչ մեծացնում են մտահոգության ու «քննադատության» չափաբաժինն իրենց հայտարարություններում, սակայն իրական գնահատականները, լավագույն դեպքում, հնչում են կուլիսներում:

Դեկտեմբերին ծրագրված ԵԱՀԿ նախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանն ավարտվեց, սակայն մինչ այդ արդեն դեկտեմբերի 6-ին ամբողջացվեց ամենն, ինչ թերեւս նախատեսել էին ու իրականացրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն` ի դեմս համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Բեռնար Ֆասիեի եւ Իգոր Պոպովի:

Ամենից առաջ, դա խմբի հերթական, բայց ավելի բարձր մակարդակի` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ֆրանսիայի ԱԳ եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետիի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հնգակողմ հայտարարությունն էր, որ արվեց դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում:

Նախ, հայտարարությամբ վերահաստատվում է «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարագվորման հասնելու կարեւորությունը»: Ռազմատենչության ու ռազմական գործողությունների անցնելու հիստերիայի հեղինակ չի նշվում, բայց շեշտվում է, որ Մինսկի խմբի համանախագահողների վերահաստատմամբ` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ռազմական լուծում լինել չի կարող եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն ու 2009-ին Լ'Աքվիլայի եւ 2010-ին Մուսկոկայի նախագահների համատեղ հայտարարությամբ նշված տարրերը բոլոր կողմերին ուղի են առաջարկում անցնելու անընդունելի ստատուս քվոյից եւ հասնելու խաղաղ կարգավորման»:

Պատերազմ վերսկսելու ադրբեջանական «զեղումները» չդատապարտելով, բայց ամեն խնդիր առավել հստակ ու ընդգծված ձեւակերպելով հանդերձ` հայտարարությունը, որին համաձայնություն ու մասնակցություն ունի նաեւ Ադրբեջանը, նախ շեշտում է, որ բոլորը համաձայնել են «շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում...»: Սա էլ նույն Ադրբեջանին ուղղված հիշեցում է, որ ձեւաչափը փոխելու ցանկությունն ու իրողությունները միմյանց չեն համընկնում:

Հնգակողմ հայտարարությունը նաեւ տեղեկացնում է, որ բոլորը համաձայնել են հետագա ջանքերն ուղղել հրադադարի խախտումների հետաքննական մեխանիզմների դետալները հստակեցնելու ուղղությամբ, նաեւ ափսոսանք հայտնելով, թե հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու դովիլյան հայտարարության կոչը «կողմերն ունակ չեն գտնվել կատարելուՙ այդ որոշիչ քայլը»:

Այսուհանդերձ, կարծես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, այնուամենայնիվ, նախապատրաստվում է, թեեւ Բաքվից հնչող մեկնաբանությունները ոչ մի դրական բան չեն կարող խոստանալ: Վիլնյուսյան հայտարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները տեղեկացրել են, որ «իրենց նախագահները պատրաստ են հանդիպել մոտակա ապագայումՙ համանախագահող երկրների հովանու ներքո շարունակելու իրենց անմիջական երկխոսությունը, վերջին շրջանի փորձառությամբ հստակեցնելու, թե ինչպես խաղաղություն, կայունություն ու բարեկեցություն բերեն իրենց ժողովուրդներին»:

Մամեդյարովի ստորագրածը Ալիեւի գրասենյակից «սխալ են հանում»

Ոչ այնքան տրամաբանական, որքան անհրաժեշտ շարունակություն կարելի է դիտել նախագահների մակարդակով հանդիպման պատրաստակամությունը, սակայն ադրբեջանական կողմի արձագանքների ֆոնին տարակուսելի է, թե Մամեդյարովն այդ երկրում իրապե՞ս արտգործնախարար է, թե՞ ոչ: Մամեդյարովը, չնայած միանգամից խաղաղ համաձայնագրին անցնելու միտքն առաջ մղելուն, հնգակողմ հայտարարությամբ պատրաստակամության մասին խոսել է, նաեւ ԵԱՀԿ նախարարական խորհրդում նշել, թե «միջազգային նորմերի շրջանակներում Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների»:

Հստակ է, թե Մամեդյարովի պատկերացմամբ, ինչ է նշանակում «միջազգային նորմերի շրջանակներում». բայց եւ այնպես, այս ամենն ասվել է ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ներկայությամբ, ասել է թե չի կարող ուշադրության չարժանանալ այն դեպքում, երբ հենց Բաքվից տրամագծորեն հակառակ հայտարարություններ են արվում, հարցականի տակ դնելով այդ երկրում պաշտոնների աստիճանակարգմամբ բացատրվող պնդումների իրական նշանակությունը:

Այն ժամանակ, երբ Մամեդյարովը համաձայնում է հնգակողմ հայտարարության մեջ նշվող` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի անփոփոխելի լինելուն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմից տարբեր չինովնիկներ այլ տեսակետներ են հնչեցնում, մասնավորապես, նաեւ դժգոհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից, անգամ քննադատելով:

Նույն կերպ, Մամեդյարովը Վիլնյուսում համաձայնում է «ռազմական լուծում» չլինելու ձեւակերպմանը հայտարարության մեջ այն դեպքում, երբ Ադրբեջանից ղարաբաղյան թեմայի մասին դատարկախոսողներից մեկն էլ խոսում է «ադրբեջանական ժողովրդի համբերության բաժակը լցվելու» մասին: Ստացվում է, որ հարեւանները նույն տեսակետը չունեն, հասնում են Եվրոպա, ստորագրում տարբեր հայտարարությւոններ ու պատրաստակամություններ մերժելու անզորությամբ, իսկ հենց Ադրբեջանից հոխորտանքն ու կուրծք ծեծելը շարունակվում է:

Ինչպես ասում են, կողմնորոշվեք վերջապես... Հայաստանը կողմ է Լավրովի կոչին

Ադրբեջանը Հայաստանի ապակառուցողականության մասին է խոսում, շարունակելով ապակառուցողական հայտարարություններ ու քայլեր անել: Հայաստանն այդ նույն ժամանակ ողջունում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերն ու դրական արձագանքում կոչերին: Վիլնյուսյան հավաքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել օգտագործել «նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ վերջին երկու տարիներին շփումներով մշակված առաջարկությունները»:

Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լավրովի կոչին դրական է արձագանքել, ողջունելով Մեդվեդեւի նախաձեռնությամբ անցկացված հանդիպումներում մշակված առաջարկներն օգտագործելու առնչությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4