«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


«ՄԱՐԴ ՈՒ ԿԻՆ` ՆՈՒՅՆ ՀԱՆԳԻՆ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, հիմա էլ Ադրբեջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնելու կոչված Մեթյու Բրայզան քանիցս է իր անպատեհ կամ անընդմեջ հերքվող հայտարարություններով ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ջուր պղտորել: Դեսպան նշանակվելուց հետո էլ Բրայզան համանախագահի «փոշուց» չի ազատվել. ԼՂՀ հարցից հա խոսում է, հա մեկնաբանում:

Հերթական անգամ էլ, ադրբեջանական կայքէջերի տեղեկացմամբ, Բրայզան հայտարարել է, թե հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը «լիովին հաղթահարելի խնդիր է»: Ընդ որում, այդ համաձայնության համար կան որոշ «առանձնահատուկ տարրեր, որոնց լուծումը հակամարտության կողմերից փոխադարձ վստահություն է պահանջում»: Բրայզան էլ իր հերթին է ակնհայտ դարձրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանք չեն խնայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար: Այդ առնչությամբ Բրայզան հույս է հայտնել, թե այդպիսի հանդիպում տեղի կունենա մոտ ապագայում:

Ադրբեջանական իրականության սեփական մեկնությունների ու դատողությունների մասով հանրությանը ներկայանալու առիթներ բաց չի թողնում նաեւ Բրայզայի կինը` Զեյնո Բարան-Բրայզան, ասել է թե Բրայզաների ընտանիքի համար այս տարածաշրջանը առօրյա թեմա է: Մասնավորապես, տիկին Բրայզան էլ երեկ Բաքվում ներկայացրել է իր նոր գիրքը` «Քաղաքացին իսլամում», ադրբեջանցի լրագրողներին տեղեկացնելով, թե գրքում ներկայացված է նաեւ «1918-ին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ստեղծման` որպես մուսուլմական Արեւելքում առաջինի փաստը»:

Շատ ուշագրավ դիտարկում է... Ադրբեջանն, այն էլ` ժողովրդավարական:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4