«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ի ԵՎ BirthLink-Ի ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

Արդիական բժշկական սարքավորումներ նորածինների համար

Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերությունը BirthLink ՀԿ հետ համատեղ շարունակում է նորածինների խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը: Այս անգամ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը այցելել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Հիվանդանոցին տրամադրվել են ինտենսիվ թերապիայի ինկուբատոր, CPAP համակարգ եւ այլ տեխնիկական սարքավորումներ, ինչը բժշկական անձնակազմին թույլ կտա հիվանդ նորածինների խնամքն ապահովել արդիական սարքավորումներով:

Բոլոր ծննդատներն ունենում են անհրաժեշտ սարքավորումների կարիք` բարդ հղիության կամ վաղաժամկետ ծննդաբերությունների դեպքում նորածինների կյանքը փրկելու համար: Այդ սարքավորումներն օգնում են պահպանել երեխայի մարմնի ջերմաստիճանը եւ կայունացնել նրա վիճակը մինչեւ տարածաշրջանային կենտրոն կամ Երեւան տեղափոխելը: Կյանքի ցնցում ունեցող երեխաներին անհապաղ եւ պատշաճ խնամք ցուցաբերելու դեպքում կրճատվում է բժշկական հետագա միջամտության հավանականությունը:

«Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մանկական մահացության մակարդակն ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Որպես կորպորատիվ պատասխանատու կազմակերպություն, որը մեր երկրի կենսական նշանակություն ունեցող ոլորտների զարգացումը միշտ պահել է ուշադրության կենտրոնում, «Վիվասել-ՄՏՍ»-ը չէր կարող անտարբեր մնալ նման անհանգստացնող վիճակագրության հանդեպ», ասել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք չէինք կարող ուղղակի դիտորդի դերում լինել եւ սկսեցինք համագործակցել BirthLink ՀԿ-ի հետ: Մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք, որ հավատը եւ խնդրին հետեւողական մոտեցումը անպատճառ դրական արդյունք են տալիս: Այսօր արդեն մասնագետներն արձանագրում են դրական միտում. Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշն էականորեն կրճատվել է` այս ծրագրի շրջանակներում ծննդատներին տրամադրած սարքավորումների եւ բուժանձնակազմի համար կազմակերպված դասընթացների շնորհիվ: Շուտով մենք կունենանք պաշտոնական տվյալներ եւ կկարողանանք ավելի հստակ վիճակագրություն ներկայացնել», ավելացրել է ընկերության գլխավոր տնօրենը:

Շիրակի մարզի յոթ ծննդատներում ամեն տարի գրանցվում է շուրջ 40000 ծնունդ: Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցը նորածիններ է ընդունում ողջ տարածաշրջանից: Երկար ճանապարհ անցնելու եւ մինչեւ Երեւան հասնելու փոխարեն ավելի նպատակահարմար է մանուկներին տեղափոխել մարզային հիվանդանոց: Այս առումով կարեւոր է հիվանդանոցն անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովելը, ինչը թույլ կտա առավելագույն արագությամբ երաշխավորել նորածինների մասնագիտացված խնամքը:

Սկսած 2010 թ.-ից, համատեղ նախագծի շրջանակներում` «Վիվասել-ՄՏՍ»-ն եւ BirthLink ՀԿ-ն աջակցում են Շիրակի մարզի հիվանդանոցներին: Ավստրիական մանկական հիվանդանոցին 2010 թ.-ին եւս տրամադրվել է նորածինների խնամքի համար անհրաժեշտ բուժտեխնիկա (CPAP շնչառական համակարգ, ինտենսիվ թերապիայի համակարգ, տաքացվող ներքնակներ, հիվանդի ախտորոշման մոնիտորներ, օդափոխիչ եւ այլ սարքավորումներ):

Հայաստանում 2009 թ.-ին CPAP համակարգի ներդրումը էական ազդեցություն ունեցավ վաղաժամ ծնված մանուկների կյանքը փրկելու գործում: Վաղաժամ ծնված մանուկների բուժման այս ձեւը վերջին տասնհինգ տարիների ընթացքում լայնորեն կիրառվել է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Այս նախաձեռնության շնորհիվ, Հայաստանում ծնված երեխաները եւս ստանում են անհրաժեշտ աջակցություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4