«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԻՆ ԱՌՆՉՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱՍ ԱՌԱՎԵԼ ՊԱՅԾԱՌԱՑԱԾ ՈՒ ՄԱՔՐՎԱԾ

Հարցազրույց գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանի հետ

- Ապրիլի 20-ին տեղի ունեցավ ցուցահանդես, որտեղ ներկայացված էր նաեւ Ձեր գեղանկարչական շարքը, յուրաքանչյուր ցուցադրում իր խորհուրդն ու նշանակությունն ունի, ինչո՞վ էր պայմանավորված այս ցուցադրումը:

- Ցուցահանդեսը կոչվում էր «Դիմանկար տեղում», մասնակցում էին 6 գեղանկարիչ, որոնցից յուրաքանչուրը յուրովի մոտեցում ուներ դիմանկար ասվածին: Տարբեր բնավորություններ, տարբեր անհատականություններ, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն մտածողությունն ուներ: Նույն բնորդի վեց տարբեր մեկնաբանություններ, եւ երեւի թե հաջողված փորձ էր եւ գեղեցիկ ստացվեց: Ես ավելի հակված եմ գեղանկարի դասական մտածողությանը: Գեղանկարչական խնդիրների լուծում չկար, այլ կար կերպարի մեկնաբանություն, կերպարի բացահայտում: Դիմանկարը մոտեցման յուրահատկություն ունի իր մեջ: Երբ ես Եվրոպայում էի, այնտեղ արհեստավարժ կերպով սոցռեալիստական դիմանկարներ էի անում, որովհետեւ ինձ մոտ սոցռեալիստական դպրոցը շատ լավ «նստած» է, այդ ոճը գնահատելի էր էնտեղ: Հիմա ինչ որ անհասկանալի բան է կատարվում, ազատություն բառը շատ է շահարկվում արվեստում, ես դա այդպես էլ չեմ կարողանում հասկանալ: Երբ դու վրձինը կամ մատիտը վերցնում ես, անմիջապես գերի ես դառնում ինքդ քեզ, կամ երբ սկսում ես մտածել այդ մասին, արդեն զրկվում ես ազատությունից: Քրիստոսն ասում է` երբ դու մտածում ես մեղքի մասին, դա էլ է մեղք, այնպես որ ազատության մասին խոսք լինել չի կարող: Կա արհեստավարժություն եւ մասնագիտական հմտություն, որը ես յուրացրեցի մեր գեղանկարչության երեւելիների` Ղուկաս Չուբարյանի եւ Հովհաննես Զարդարյանի մոտ: Հետագայում Վահան Արծրունյանի հետ մտերմությունը ինձ շատ բան տվեց: Հետեւելով Արծրունյանի աշխատելաոճին` շատ բաներ ինձ մոտ փորձում էի շտկել, եւ դա կարծում եմ կայացման եւ ինքնահաստատման լավագույն ուղիներից է: Իսկ դիմանակարում արտաքինն ու բնավորությունը փոխկապակցված են, ասենք եթե աչքերը կապույտ են, ես կարող եմ ամբողջ աչքի հատվածը կապույտ դնել, եւ դա շեշտում է նրա բնավորության հիմնական գծերը:

- Եղե՞լ են ստեղծագործական դժվար շրջափուլեր, եւ եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել:

- Աշխատել եմ հաղթահարել նման պահերը: Իհարկե լինում են պահեր, երբ կամ դու ես հեռանում ստեղծագործական ներշնչանքից, կամ ստեղծագործական ներշնչանքն է քեզ լքում: Հաճախ շատ դժվար է լինում, բացակայում են նաեւ նախապայմանները, որոնք քեզ մղում են ստեղծագործելու: Ամռանը շատ դժվար է նկարել, որովհետեւ արեւը, բնությունը վերցնում են իրենցը, ես սիրում եմ ձմռանը նկարել, որովհետեւ ձմռան լույսը իր արծաթափայլությամբ անասելի ձգող է եւ գրավիչ, ձմռանը անսահման խաղաղություն կա, սիրում եմ խաղաղության մեջ նկարել, իսկ դժվարություններ լինում են, երբ խանգարված ես կամ ինչ-որ բան քո ուզածի պես չի լինում:

- Դուք որպես աշխատելաոճ ընտրում եք անդադար աշխատե՞լը, թե՞ ներշնչանքը անհրաժեշտ է:

- Անընդհատ աշխատելը: Դե, ներշնչանք իհարկե լինում է, բայց ես կարեւորում եմ աշխատասիրությունը, ամեն օր գրեթե աշխատում եմ: Գիշերները չեմ նկարում, էլեկտրական լույսը խաբուսիկ է , իհարկե գրաֆիկական գործեր կան , որոնք գիշերն էլ եմ նկարում, նաեւ գրում եմ: Ներշնչանքն էլ եթե լինում է, ավելի լավ, կարող եմ սիրահարված լինել, չնայած սերը խանգարում է նկարելուն, ես մինչեւ վերջ կա՛մ սիրելի կնոջն եմ նվիրվում, կա՛մ նկարչությանը:

- Կա՞ն թեմաներ, որ Ձեր գեղանկարչության մեջ առանձնահատուկ տեղ ունեն:

- Իհարկե կան` կանայք են. կանայք` հրեշտակի մարմնացմամբ, կանայք` զրուցելիս, քայլելիս , եւ նատյուրմորտն է ինձ անչափ հետաքրքրում, պլաստիկան, գիծը, քնքշությունը, անգամ սենտիմենտալությունը նկարչության մեջ, հնարովի աշխարհն ու իրական կյանքն եմ սիրում: Այնՙ ինչը լույսի մեջ է. գույնը մի քիչ դժվար բան է , ներկելը հեշտ է , բայց մատուցելը` դժվար, որ կարմիրը դառնա հոգի, սեր, կապույտը դառնա սեր...

- Զբաղվում եք նաեւ գրականությամբ, պոեզիան եւ արձակը ին՞չ տեղ են զբաղեցնում Ձեր կյանքում:

- Իմ էության հետ կապ ունի, ես այդպիսին եմ: Էն կուտակումները, որոնք չեմ կարողանում արտահայտել վրձնով, դառնում են պոեզիա կամ արձակ: Ինքս ինձ բացահայտելու ճանապարհներ եմ փնտրում, որը կարող է դառնալ բանաստեղծություն, կամ նովել: Ես գրելուց չեմ մտածում, որ ես բանաստեղծ եմ կամ արձակագիր, բայց նկարիչ լինելու զգացողությունս մի քիչ ավելի խիստ է , որովհետեւ ես նկարիչ եմ:

- Ին՞չ դեր ունի երաժշտությունը Ձեր ստեղծագործական առօրյայում, եւ եթե փորձեք նկարել որեւէ ջազային երաժշտություն, ին՞չ գույներով կպատկերեք...

- Իմ գերադասած գույները որպես էդպիսին չկան, ցանկացած գույնով էլ նկարում եմ, իսկ ջազը էմոցիաների հետ կապված բան է, ես ջազը կարող եմ համեմատել էքսպրեսոնիզմի հետ, ես իմ ճանապարհի ընթացքում էքսպրեսիոնիզմից եկա ինչ-որ բանի, երբ ամեն ինչ շարժման մեջ է, ինձ հանգիստ վիճակի է բերում դասական երաժշտությունը, սակայն ջազ էլ եմ սիրում, մորս երգն էլ եմ սիրում, ինձ համար երաժշտությունը պարզապես կենսակերպ է...

- Ինչի՞ն եք հավատում եւ ի՞նչն է Ձեզ անհանգստացնում:

- Ամեն ինչին էլ հավատում եմ: Չարին, բարուն, վարդին էլ, թռչունին էլ, խաբող կանանց էլ եմ հավատում, երբեք ոչ մեկի աշխատում եմ չասել, որ չեմ հավատում: Նկարչության մեջ դժվար է ատելը, պոեզիայում ավելի հեշտ է, երբեմն պատրանքային պատկեր է ստեղծվում, բայց դա դառնում է պոեզիայի բարձրագույն ձեւ, խոսքը գեղեցիկ ստին է վերաբերում, սուտ, որը դիմացինին կարող է թեւ տալ ու ոգեւորել: Իհարկե չեմ սիրում դավաճանությունը , դավաճանությունը խաբել չի, դա հրաժարումն է ինքդ քեզնից, ամենածանր բանն է: Անհանգստացնում է կանխազգացողությունը, դա վատի զգացողությունն է, որ ինձ վախեցնում է: Երբ իրականությունը չի համապատասխանում ճշմարտությանը, այս երկուսի հարաբերությունը ինձ անհանգստացնում է, գիշերները չքնելու առիթ է տալիս, այդ ժամանակ չեմ նկարում: Չեմ սիրում նկարչության մեջ սյուրռեալիզմը, ընդունում են որպես ձեւ, մտածելակերպ բայց ես այդպիսին չեմ, նկարչությունը չպետք է բացատրի, այլ պետք է պատկերի, գեղանկարչության գործառույթը պատկերավորությունն է: Եվ այդ պատկերը չպետք է սլաքներ ունենա դեպի քո վերքը, քո սիրտը, քո աչքը, լույսը, չպիտի խանգարի ապրելուն: Դալիի ցուցահանդեսից հետո երկու ժամ վատ զգացողության մեջ էի, արվեստը չպետք է բացասական ներգործություն ունենա, բարձր արվեստին առնչվելուց հետո պետք է դուրս գաս առավել պայծառացած ու մաքրված: Այնքան սիրուն բաներ կան, որ մեր օրերում խաթարվում են: Սարյանի պատերազմին նվիրված կտավներում արկեր ու ավերվածություններ չեն պատկերված, այլ ծաղիկներ, ծաղիկների ափշեցուցիչ հեղեղ: Այսօրվա ֆիլմերում էլ հակամարդկային գաղափարներն են գերիշխում, որը ի վերջո սերունդ է դաստիարակում, եւ նույն սերնդին դաստիարակելու ճանապարհին, փառք Աստծո, ստեղծվել ու ստեղծվում են հզոր, բարձրաճաշակ գործեր, օրինակՙ մեծն Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, որը իր պատկերավորությամբ, թարմությամբ, նորերի մոտ բարձր ճաշակ կարող է ձեւավորել արվեստի նկատմամբ...

Հարցազրույցըՙ ՇՈՒՇԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4