«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Մոսկվայում «Էկսմո» հրատարակչությունը լույս է ընծայել Կարլ Մարքսի «Կապիտալ»-ի երեք հատորների նորագույն տպագրությունը, գիտական նոր ապարատով, շքեղ ձեւավորմամբ եւ հարուստ հավելվածներով: Այս հրատարակությունն առաջինն է Խորհրդային Միության փլուզումից հետո եւ նշանավորվում է նրանով, որ, ի տարբերություն հիշյալ ժամանակաշրջանի շուրջ 70-ամյա ստանդարտ հրատարակությունների, այստեղ, բուն «Կապիտալ»-ից բացի, տեղ են գտել ե՛ւ հեղինակի տարբեր ժամանակների տնտեսագիտական ձեռագրերն ու երկերը, ե՛ւ Մարքսից առաջ ու հետո ապրած հեղինակների աշխատություններն ու մշակումները կապված «Կապիտալ»-ում քննարկվող պրոբլեմների հետ:

Վերջին պարագայի շնորհիվ ներկա «Կապիտալ»-ը դիտարկվում է ոչ վերջին տասնամյակների քարացած պատմահայացքով` իբրեւ սխոլաստիկ ելակետ կամ վերջնակետ, որից մեկնում ու որին հանգում էին էպիգոն հեղինակները, այլ միանգամայն նորովի` իր էվոլյուցիոն զարգացման դիտակետից, որպես մշակման ու կատարելագործման ենթակա խնդիրների մի կարեւոր օղակ տնտեսագիտական մտքի պատմության համընդհանոր միջավայրում:

Նշված հանգամանքը սույն հրատարակության անկապտելի գիտական արժանիքն է:

Մեզ` հայերիս համար նոր տպագրությունն ուրախալի է նրանով, որ այստեղ գիտնականներ Տուգան-Բարանովսկու, Բոգդանովի, Կոնդրատեւի, Սլոնիմսկու, Բունիաթյանի, Գերցենշտեռնի, Սլուցկու, Խարազովի, Բորտկեւիչի, Սորվինի, Մաեւսկու եւ այլոց կողքին ամենամեծ տեղ` մի առանձին գլուխ (ինչպես ոչ մի այլ հեղինակի), հատկացված է մեր հայրենակից Թադեոս Ավդալբեգյանի տնտեսագիտական ժառանգությանը: Դեռեւս առաջին հատորի վերջում հրատարակության կազմող եւ գիտական վաստակաշատ խմբագիր Պ. Ն. Կլյուկինը հայտարարում է, որ «Երկրորդ հատորի նյութին առնչվող` Ռիկարդոյի, Կենեի աշխատությունների շարքում ներառված է տաղանդավոր տնտեսագետ եւ «Կապիտալ»-ի հայերեն միանձնյա թարգմանիչ Թադեոս Ավդալբեգյանի ակնարկների ընտրանին, որոնցում զարգացված են Մարքսի հասարակական վերարտադրության սխեմաները»:

Եվ ահա երկրորդ հատորի 1/7-րդ մասը` 1197 էջերից 170-ը, «Վերադարձված անուններ» ռուբրիկայով, լուսանկարով եւ անձնական ստորագրությամբ (դարձյալ ինչպես ոչ մի այլ հեղինակի), նվիրված են Ավդալբեգյանի վերարտադրության թեորիայի ակնարկաշարին, վերարտադրության տասնյակ սխեմաներին, տնտեսագիտական երկերի գրախոսականներին եւ հանրագիտարանի համար գրված ինքնակենսագրությանըՙ լրացված հետագա տվյալներով:

Ինչո՞վ բացատրել այսպիսի աննախադեպ պատվավոր տեղ հատկացնելու հանգամանքը:

Խորհրդային կարգերի քաղաքական պաստառի վերացումից հետո ներկայիս ռուսական եւ միջազգային մարքսիզմի համապատասխան մարմիններին տեղեկացվել էր, որ 20-30-ական թվականներին Հայաստանում գործող տնտեսագետ Թադեոս Ավդալբեգյանի երկերում լրացվել են «Կապիտալ»-ում թերի մնացած Մարքսի կազմած սխեմաները եւ մարքսիստական վերարտադրության թեորիան այստեղ մշակվել է այնպիսի մակարդակով, ինչպես ուսմունքի գիտակարգերից քչերը:

Հաղորդված տեղեկությունները դարձել էին կատարյալ հայտնություն, որովհետեւ համընդհանուր տարածված կարծիք կար, որ անավարտ սխեմաներն այդպես էլ մնացել են անավարտ: Մանավանդ հայտնի է, որ լրացված սխեմաների ապարդյուն որոնումները Մարքսի ձեռագրերում սկսվել էին դեռեւս Էնգելսից, իսկ լրացման բոլոր փորձերը խոշորագույն տնտեսագետների կողմից հանգեցրել էին սոսկ այլեւայլ շեղումների: Էլ չենք ասում վերարտադրության ընդհանուր թեորիայի ստեղծման մասին հայտնությունը, որ հասկանալի պատճառներով մատնված էր եղել երկարատեւ լռության:

Ահա այս իրողությունները համապատասխան քննարկումներից հետո սկզբից արձագանքվեցին միջազգային մեծ հեղինակություն վայելող հիմնարկների` մասնավորապես Գերմանիայի MEGA (Marx-Engels Gesamtausgabe) ակադեմիական հրատարակության մեջ, այնուհետեւ Ճապոնիայում գործող մարքսիստական կազմակերպություններից մեկի պարբերական հրատարակության մեջ եւ այլուր, որոնք, ի վերջո հանգեցրին Ավդալբեգյանի տնտեսագիտական վաստակի արժանի գնահատականին եւ նրա պատմական անժխտելի դերի ճանաչմանը:

Իբրեւ հետեւանք այս ամենիՙ «Կապիտալ»-ի նորագույն հրատարակությունն ահա ռուսերեն լույս է ընծայվել Թադեոս Ավդալբեգյանի վերարտադրության թեորիայի եւ գրախոսականների հավելումով:

Այս իրադարձությամբ բացահայտվել է 80 տարվա կորսված արդարություն:

Նման պարագաներում հիշյալ հրատարակություններին առնչվող մասնագետների համար դժվար չէր կռահել Ավդալբեգյան-տնտեսագետի թարգմանած հայերեն «Կապիտալ»-ի առանձնահատուկ գիտական արժեքնՙ ի տարբերություն շատ լեզուներով կատարված թարգմանությունների, բայց դեռեւս անհայտ է եղել վերջինիս նաեւ թարգմանական եզակի լինելը: Պատահական չէ, որ Պ. Ն. Կլյուկինի վերոբերյալ հայտարարության մեջ թարգմանչի մասին խոսելիս հատուկ շեշտված է «միանձնյա» բառը, որովհետեւ համաձայն «Կապիտալ»-ի թարգմանությունների պատմության տվյալների` այս խնդրի իրագործման համար այլ լեզուներով, միավորվել են խմբեր ու հիմնարկներ, ներգրավվել են մասնագետներ ու խորհրդատուներ տարբեր բնագավառներից, եւ հանկարծ պարզվել է, որ աշխարհիս ավելի քան 50 լեզուներով կատարված թարգմանություններից միայն շվեդներն ու հայերն ունենՙ ա) գերմաներեն բնագրից կատարված, բ) ամբողջական` 3 հատոր, 4 գիրք «Կապիտալ»-ի, գ) անդրանիկ թարգմանության, դ) միանձնյա թարգմանիչ, այսինքն` մաքսիմալ արդյունքՙ մինիմալ պայմաններում, անհատական իրագործմամբ:

Այսպիսի ցուցանիշներով օժտված չէ ուրիշ ոչ մի թարգմանություն նշված երկուսից բացի:

Բայց հայերեն «Կապիտալ»-ը գերազանցում է իր շվեդերեն երկվորյակին թարգմանության գիտական նախադրյալներով` սկսած թարգմանչի մասնագիտական մակարդակից եւ, ի տարբերություն շվեդերեն թարգմանության, որ կատարված է Կաուցկու խմբագրած ժողովրդական հրատարակությունից` հայերենը թարգմանված է Էնգելսի գիտական` ավելի բարդ խմբագրությունից:

Ահա այս լրացուցիչ պահանջներով հայերեն «Կապիտալ»-ն իրոք դառնում է եզակի:

Սակայն հայերիս համար հիշյալ ցուցանիշներից ավելի, կարեւորագույնը` ազգային գիտամշակույթի դարակազմիկ նշանակության պարագան էր, եւ դժվար է մատնանշել այլ օրինակ, որ մեկ անգամից մի քանի գիտակարգերի` տնտեսագիտության, հասարակագիտության, պատմագիտության, փիլիսոփայության, քաղաքագիտության եւ այլոց որակական թռիչքի նմանօրինակ խթան եղած լինի եւ մանավանդ մայրենի լեզվի շրջադարձային դեր կատարած լինի, ինչպես «Կապիտալ»-ի հայացումը: Առանց չափազանցության` հենց այս առթիվ կերտվեց հայերեն գիտական լեզու, ստեղծվեց համակարգված տնտեսագիտական տերմինաբանություն եւ անցկացվեց տերմինաբանական ռեֆորմ, այն դնելով «Կապիտալ»-ի բնագրի` գերմաներենի հիմքի վրա:

Ավդալբեգյանի կազմած տնտեսագիտական տերմինների բառարանը, որի ակունքը «Կապիտալ»-ն էր, պարունակում է մոտ 30 000 բառ ու արտահայտություն, եւ կարեւոր է, որ, ի տարբերություն այլ ազգերի, որոնք, չունենալով սեփական լեզվով տնտեսագիտական տերմինաբանություն, ստիպված օգտվում են համաեվրոպական տերմինաբանությունից, հայերս ունենք մայրենի լեզվով տնտեսագիտական ընտիր տերմինաբանություն: Օրինակ` ռուսերեն сертификат, дивидент, экспроприация, патент, акционер, соло-вексель տերմիններից ոչ մեկը ռուսերեն բառ չէ, այնինչ նշված հասկացությունների հայերեն տերմինները` հավաստագիր, շահութամաս, ունեզրկում, արտոնագիր, բաժնետեր, մենամուրհակ, զուտ հայերեն բառեր են: Այսպիսի տերմինների թիվը «Կապիտալ»-ում հազարների է հասնում: Բացի դրանիցՙ որոշ տերմիններ, որոնք մեր գործածության մեջ մտան շուկայական հարաբերությունների անցնելուց հետո, ինչպիսիք` депозит, инвестиция եւ այլք, հայերեն թարգմանվել էին դեռեւս «Կապիտալ»-ում:

Ավդալբեգյանի շնորհիվ թարգմանվեցին նաեւ Մարքսիՙ տարբեր հեղինակներից մեջ բերած հազարավոր քաղվածքները, հին ու նոր լեզուներից կատարված, զարմանալի հնարանքներով հայոց բառ ու բանի մեջից կցվեցին բնագրին համարժեք արտահայտություններ եւ գերմաներեն կենդանի լեզվի համապատասխան իդեոմներ, իսկ գեղարվեստական գրականության արձակ եւ չափածո նմուշներից ոմանք` մասնավորապես Շեքսպիրն ու Սոֆոկլեսը, գերադասելի են «Կապիտալ»-ում դրված Ավդալբեգյանի թարգմանությամբ, քան բուն երկերում:

Թարգմանիչն իր առջեւ ծառացած խնդիրը բնութագրել է հետեւյալ խոսքերով.

« Հինգերորդ դարից հետո դեռ երբեք հայ թարգմանչական գրականության հանդեպ այսպիսի հսկայական ու վիթխարի խնդիր չէր դրված », իրավացիորեն գրել է նա:

Այսօր մեզ հայտնի է, որ հինգերորդ դարից, այսինքնՙ հայերեն գրերի գյուտի ժամանակաշրջանից սկսած «Կապիտալ»-ը հայերեն լեզվով երբեւէ գրված գրքերից լավագույններից է, ինչպես ժամանակին պատկերավոր ասվել է` «հայերեն «Կապիտալ»-ը հայերենի կապիտալ է», որով եւ մարմնավորվել է հայերեն գիտական գրականության թարգմանության գլուխգործոցը, կազմելով մի սքանչելի եռապսակ հոգեւոր եւ գեղարվեստական թարգմանական գլուխգործոցների հետ.

Աստվածաշունչ, Շեքսպիր ու «Կապիտալ»:

Հետեւապես յուրաքանչյուր հայ ընտանիքի գրադարակում «Կապիտալ»-ը պետք է ունենա իր արժանավոր տեղը որպես հայոց լեզվի նմուշահատ գանձարան, անկախ մարքսիզմի նկատմամբ եղած վերաբերմունքի, ինչպես հայերեն Աստվածաշունչը` անկախ հավատացյալ լինել կամ չլինելուց:

Առիթը պատեհ է, որ Ավդալբեգյանի պատմատնտեսագիտական մեծարժեք երկերը, որոնք վերաբերում են Հայաստանի, Պարսկաստանի, Տաճկաստանի, Մերձավոր Արեւելքի երկիրների աշխատավարձերի, հարկերի, շարժական ու անշարժ գույքի գների հարցերին եւ ժամանակագրորեն ընդգրկում են V-XIX դդ. ստվար ժամանակաշրջանը, թարգմանվեն օտար լեզուներով եւ դառնան միջազգային գիտական հանրության սեփականությունը:

Այս հարցով հրավիրում ենք ՀՀ ԳԱ նախագահության եւ Տնտեսագիտության ինստիտուտի գործուն ուշադրությունը:

Բացահայտված արդարությունը պետք է շարունակի իր հաղթարշավը:

Խմբ. կողմից.- Հիշեցնենք, որ Թ. Ավդալբեկյանն էլ 1937 թ.-ին զոհ գնաց Ստալին-Բերիա դահիճների մահավճռին:

Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ, Մոսկվա

Նկար 1. Թադեոս Ավդալբեկյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4