«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2011-12-06 | #221, 2011-12-07 | #222, 2011-12-08


«ՓԹԻԹ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹԻ 3-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Բեյրութում լույս տեսնող «Փթիթ» մանկապատանեկան պարբերականը 3-րդ համարն է թողարկել: Ինչպես նախորդ երկուսը, այս վերջինն էլ բովանդակությամբ հագեցած, գունավոր, գրավիչ պատկերազարդումներով երեխաների հետաքրքրությունը շարժող հրատարակություն է:

«Փթիթի» առաջադրանքները միտքը կլանող, հնարամտություն պահանջող եւ աշխուժություն առաջացնող հատկանիշներ ունեն, դրանց մեջ անպայման մի անակնկալ, նորություններ կան. մեկ անգամից պատասխանելու դժվարությունը ավելի է սրում հետաքրքրությունը: Սա վերաբերում է հատկապես խաղ-վարժություններինՙ բառային եւ թվային, որոնք զարգացնում են երեխայի լեզվական եւ մաթեմատիկական ունակությունները, տրամաբանությունը: Ընթերցանության տեքստերը ուշագրավ են բովանդակությամբ եւ ուսանելի, դաստիարակիչ նշանակությամբ, գեղեցիկ ձեւավորումը ավելի է նպաստում, ընթերցումը ավելի հաճելի դարձնում: Միօրինակությունը, որպես կանոն, վերացված է, անընդհատ փոփոխություն-տարբերություններ կան, խաղ-վարժություն, տեքստ, հանելուկ-առաջադրանք-խորհուրդներ, խաչբառերՙ մեկը մյուսին հաջորդող: Իսկապես այսօրվա երեխայի պահանջներին համապատասխանող, նրանց զբաղեցնող ձեւեր-մեթոդներ են ընտրել խմբագրության պատասխանատուներըՙ Վերժինե եւ Կարո Աբրահամյանները: Գովելի է նաեւ հեքիաթների եւ շապիկի ձեւավորողներ Կարո Խաչերյանի, Սմբատ Ղազելյանի եւ մյուսների կատարած աշխատանքը, որով լիովին բավարարում են իրենց առաջադրած խնդիրներըՙ փորձել ժամանց պարգեւել երեխային, քաջալերել ընթերցասիրությունը, բարոյական պատգամներ փոխանցել տեքստերի միջոցով, հայերենի բառամթերքը հարստացնել, մշակել տրամաբանությունըՙ լեզվական եւ թվաբանական խաղերի միջոցով:

«Փթիթը» իր վերջին էջերում տեղեկացնում է սփյուռքահայ մանկապատանեկան այլ պարբերականների («Նոր կեանք», «ԿԿու») լույս ընծայման մասին:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4