Քաղաքականության նկատմամբ, որպես թատերաբեմի, երբեւէ ընդգծված հետաքրքրություն եւ հետաքրքրասիրություն չեմ ցուցաբերել: Ոչ այն պատճառով, որ այն ինձ անհետաքրքիր էր... շատ, այլ հիմնականում այն, որ խնայել եմ ուղեղս անկանխատեսելի չափումներում ու կոստան-նստան գործակիցներով լպրծուն հարթություններում արբանյակելուց ու փորձարկելուց... Քաղաքականությունը, առանձնապես հայաստանյան, ինձՙ սովորական մահկանացուիս, միշտ էլ ներկայացել է մո՜ւթ-մո՜ւթ սենյակում աչքակապուկի խաղալու հանգույն... Որպեսզի մեկնարկի նոտաս հուսահատ կամ ծանր դրխկալեն չհնչի, հիշեմ. տարիներ առաջ ռուսական հեռուստատեսության հանրահայտ «Կինոճանապարհորդությունների ակումբի» հանրահայտ Սենկեեւիչը Նիդեռլանդներում, արտաքին արիստոկրատ նկարագրով, ինչ որ գիտահետազոտական կառույցում աշխատող տարեց մի կնոջից փորձեց ճշտել, թե որքանո՞վ է նա տեղյակ իր երկրի իշխող, կառավարող օղակներից: Կինը շատ հանգիստ, քիչ էլ զարմացած պատասխանեց. «Կներեք, իսկ նրանք գիտե՞ն իմ մասին, նրանք իրենց գործն են անում, եսՙ իմ»: Հիմաՙ վերջից գամՙ մեր երկրում էլ նրանք չգիտեն մեր մասին, հե՜չ չգիտեն, մարզայիններիսՙ ընդհանրապե՛ս, բայց մե՞նք... Մենք այնպե՜ս գիտենք նրանցՙ օխտը պորտով, հարս ու փեսով, աներ-քենեկալով... Գիտենք ոչ որովետեւ քաղաքականությունն ու քաղաքական այրերը (իմ հատուկենտՙ ուղեծիր որոնող սեռակիցներիս խնայեմ) մեր աչքի լույսն են կամ ապրում-շնչում ենք նրանցով, այլ որովհետեւ դաժան ու ծանր ենք ապրում, որովհետեւ միշտ ու մեկեն հասկանում ենք, «Հեղնար աղբյուրի» Վարոսի պես, որ... մի ողջ կյանքՙ ջանք-հավես-հավատ-անքուն գիշերներ զուր անցավ... Զուր անցավՙ գոնե կեցության արժանապատիվ մինիմումն ապահոված տեսնելու, մարդկային հարաբերություններում, քո չափանիշներով, մարդ մնալու իմաստով... Սաՙ էն վերեւներին, հասկանալի բան չեմ ասում, նրանց հասկացած «մարդկային հարաբերությունները» իմ ակնարկածի հետ աղերս անգամ չունեն... Քաղաքականությունը մեր... «սիրեկանն» է դարձել, որովհետեւ ձրի զբաղմունք է, զայրույթ վեկտորելու թիրախ, դեռ կանգուն լինելդ ինքդ քեզ համար հաստատագրելու... կախիչ, հացիվի ու բանիվի ճամարտակության լքյալ... Ավարայր... Իսկ հիմա, երբ «ընտրություն» կոչված հոգեկան ցունամին է մոտենում, քաղաքականությունից խոսելը նմանվում է անհույս փրկօղակ փնտրելուն, հիշեցնելուն, որ... էհեհե՜յ, մենք էլ այստեղ ենք... Բայց այդ պարագայում... աշխարհ տեսած ճայերն անգամ, ափ են փնտրում... Այսինքնՙ նախապես փնտրած-գտած են լինում...
Տխրերա՞նգ էր... Կենսախիդ կլիներ, եթե եկողը... ցունամի չլիներ, մենք էլ այն հընթացս, անցավՙ քաղաքակիրթ հատեինք-նիդեռլանդցի այն կնոջ ասածՙ ամենքս մեր գործն անեինք...
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս