Միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա հունվարի 14-ին: Այդ օրը նա Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում կմենամարտի 23-ամյա արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Ֆարիասի հետ:
Ինչպես հայտնի է, Արթուր Աբրահամը 2-րդ միջինքաշային կարգում Super Six մրցաշարում անհաջող հանդես գալուց հետո որոշել է կրկին վերադառնալ միջինքաշային կարգ: Այդ գործընթացը պետք է աստիճանաբար տեղի ունենա: Արթուրն աստիճանաբար նվազեցնում է անձնական քաշը: Նա մտադիր է մի քանի մենամարտեր անցկացնել մինչեւ միջինքաշային կարգին հասնելը եւ կրկին ներգրավվել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճին:
«Իմ երկրպագուներին ցանկանում եմ լավ բռնցքամարտ հրամցնել: Իհարկե, նախորդ պարտություններից հետեւությունների եմ հանգել, մեծ աշխատանք եմ տարել սխալներս վերացնելու ուղղությամբ: Այժմ ժամանակն է առաջ գնալ եւ պատրաստվել նոր մենամարտերի: Ցանկանում եմ կրկին նվաճել երկրպագուներիս սրտերը, իսկ դրա համար պետք է տպավորիչ հաղթանակ տոնել: Հունվարի 14-ը ինձ համար նոր հաշվարկի սկիզբ կլինի: Ցանկանում եմ նոր տարին սկսել վառ հաղթանակով, իսկ հետո արդեն սկսել պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար», հայտարարել է Արթուր Աբրահամը:
Արգենտինացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 20 մենամարտ է անցկացրել, որից 19-ում հաղթել է: Միակ պարտությունը նա կրել է իր վերջին մենամարտում: Վերջին 3 մենամարտերից երկուսում Ֆարիասը հանդես է եկել կիսածանրքաշային կարգում, իսկ մեկում համարյա 2 կգ-ով գերազանցել է քաշային այդ կարգի նորման:
Արթուր Աբրահամը 35 մենամարտ է անցկացրել: Դրանցից միայն երեքում է Արթուրը պարտվել: Երկար ժամանակ նա պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի էր: