Չեխիայում անցկացվող շախմատի մրցաշարի 4-րդ տուրում վետերանների եւ «Ձնծաղիկների» մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Ռաֆայել Վահանյանը հաշտություն կնքեց Տանյա Սաչդեւայի հետ: Վետերաններից միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հյուբներըՙ պարտության մատնելով Եվա Կուլովանային: Իսկ «Ձնծաղիկների» թիմից հաջողությունն ուղեկցեց Մարիա Մուզիչուկին, որը պարտության մատնեց Բորիս Գուլկոյին: Ոչ-ոքի ավարտվեց Նատալյա Պոգոնինայի եւ Վլաստիմիլ Հորտի մրցավեճը:
Այսպիսով, առաջին շրջանից հետո վետերանների թիմը 9,5-6,5 հաշվով հաղթում է «Ձնծաղիկներին»: Անհատական հաշվարկով վետերաններից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հյուբները, որը վաստակել է 3 միավոր: 2,5 միավոր ունի Վլաստիմիլ Հորտը, 2-ական միավոր են վաստակել Ռաֆայել Վահանյանն ու Բորիս Գուլկոն:
«Ձնծաղիկներից» լավագույնը Մարիա Մուզիչուկի արդյունքն է, որն ունի 3 միավոր: 1,5-ական միավոր են վաստակել Նատալյա Պոգոնինան եւ Տանյա Սաչդեւան, իսկ Եվա Կուլովանան իր օգտին կես միավոր է գրանցել:
2-րդ շրջանի մեկնարկային տուրում Ռաֆայել Վահանյանը կմրցի Մարիա Մուզիչուկի հետ: Հիշեցնենք, որ առաջին շրջանում անվանի վետերանը պարտվել էր: