Երեկ Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյան էր` քվեարկվեց 2012 թվականի բյուջեն (ընդամենը 66 կողմով): Բյուջեի եկամտային մասը կազմում է 911,6 մլրդ դրամ, իսկ ծախսայինը` 1,041 տրիլիոն, դեֆիցիտը` 132,5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 3,1 տոկոսը: Քվեարկությամբ մերժվեց կառավարության քաղաքականության վերաբերյալ ՀՅԴ հարցապնդումը: Քվորումի հարցը դժվար էր լուծվում` թե նոր ղեկավարությունն էր խամ, թե պատգամավորներն արդեն վերջին օրն անհավես էին: Համենայն դեպս` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը բավական ջանքեր գործադրեց, մինչեւ հարկավոր 66 ձայնն ապահովվեց. «Կոճակի հետ խնդիր կա՞», հետաքրքրվում էր նա օրինագծերից մեկի քվեարկության ժամանակ (այդ օրինագիծը քվեարկվեց երրորդ անգամ` հղում էր արվում անսարքություններին): Ի դեպ` ՀՅԴ հարցապնդումը քվեարկությամբ չընդունելուց հետո, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ այդ հարցով դիմելու է Սահմանադրական դատարան, դրա համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքելուց հետո այդպես էլ վարվելու է:
Գագիկ Մելիքյանը` ՀՀԿ խմբակցության քարտուղար
Երեկ ԱԺ նիստում հրապարակվեց, որ ՀՀԿ խմբակցության քարտուղար է նշանակվել երկարամյա ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը: Այդ պաշտոնն ազատվել էր Էդուարդ Շարմազանովի` ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո: Երեկ մի շարք հարցերի քննարկումից հետո փակվեց աշնանային նստաշրջանը: Ըստ մեր աղբյուրների` այս տարի անցած տարեմուտի նման արտահերթ նիստեր չեն գումարվելու, եւ պատգամավորներն այժմվանից կարող են իրենց ազատ զգալ, եթե մինչեւ հիմա հենց այդպես էլ իրենց չէին զգացել...:
Մ. Խ.