Սեւազգեստ մայրերը երեկ կրկին կառավարության շենքի դիմաց էին` պահանջելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից` բացահայտել իրենց որդիների սպանությունն ու պատժել մեղավորներին:
Կառավարության նիստի ավարտից հետո խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներին մոտեցավ նախարար Սեյրան Օհանյանը` վստահեցնելով, թե ամեն պահի պատրաստ է ընդունել նրանց:
Այդ պահին նախարարին իր երախտագիտությունը հայտնեց առաջին գծում ադրբեջանցի դիպուկահարից վիրավորված զինվորի ծնողը: Զինվորը հակառակորդի գնդակից կորցրել էր ոտքը, նրա բուժման եւ պրոթեզավորման բոլոր հարցերը հոգացել է նախարարությունը:
2007-ին Վարդենիսի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրն էլ` Գոհար Սարգսյանը նախարարին հայտնեց, որ այս տարվա նոյեմբերի 29-ին անցկացրած փորձաքննությամբ պարզվել է, որ իր որդին չի էլեկտրահարվել: «Ես հինգ տարի ասում էի` իմ երեխան չի էլեկտրահարվել, ի՞նչ է, չէի՞ք հասկանում այդքանը: Նրան դիտավորյալ են սպանել», արդեն հեռացող նախարարի հետեւից բղավեց սպանված զինվորի մայրն ու ուշագնաց եղավ:
Տիգրան Օհանջանյանի մահվան պատմությանն «Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է: Նախնական պաշտոնական վարկածի համաձայն` Օհանջանյանը հպվել է ալեհավաքի ամրալարերին եւ հոսանքահարվել: Սակայն անկախ դատաբժշկական փորձագիտության եզրակացության համաձայն` Տիգրանի մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Նրանց եզրակացությամբ` Տիգրանին հոսանքալարով խեղդել են:
Վերջերս Ազգային ժողովում կազմակերպվել էին փակ լսումներ զոհված զինվորների ծնողների, ԱԺ պատգամավորների եւ օմբուդսմենի մասնակցությամբ: Պաշտպանի աշխատակազմը զոհվածների ծնողների հետ կազմել է 8 տեղեկանք, որոնք ներառում են զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլը, քննության ընթացքի խախտումներն ու թերացումները: Համաձայն ՄԻՊ տեղեկանքի` Տիգրան Օհանջանյանի դիակի նկարները փաստում են աչքի, ծնոտի եւ գլխի հատվածներում առկա վնասվածքներ, ձեռքի ափին կապտուկներ, որոնք դատաբժիշկը չէր արձանագրել:
Հ. Հ.