«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2011-12-09 | #224, 2011-12-10 | #225, 2011-12-13


«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է երկամսյա կալանք կիրառել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանի նկատմամբ: Ավելի ուշ նա բերման է ենթարկվել ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի քննչական բաժին: Քննիչը «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանին որպես մեղադրյալի ներգավվել է գործում` կասկածանքով, որ նա, 2009-ից լինելով ընկերության գլխավոր հաշվապահ, խուսափել է հարկերը վճարելուց:

Ըստ քրեական գործի` Նարեկ Հարությունյանին պատկանող ընկերությունը խուսափել է 111 միլիոն դրամ հարկից:

Փաստաբան Գեւորգ Չաքմիշյանն ասում է, որ վերստուգմամբ արձանագրվել են 111 միլիոն դրամի խախտումներ, եւ ընկերությունը բողոքարկել է վերստուգման արդյունքները:

Այս պատմությանը «Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է: Ամիսներ առաջ մեզ հետ զրույցում Նարեկ Հարությունյանը ասել էր, որ իր վստահությունը մարդիկ չարաշահել են, եւ արդեն մի քանի ամիս պետական տարբեր մարմիններ ճնշում են գործադրում, սպառնում: Նրան գրեթե ամեն օր ահազանգում են 6-րդ վարչությունից: Արդեն երկար ժամանակ Հարությունյանի ընտանիքին պատկանող բիզնեսի, անշարժ գույքի, անձնական հաշիվների վրա կալանք է դրված:

«Իմ վստահած երկու անձինք` «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին եւ Արտյոմ Մարտիրոսյանը խաբել են ինձ: Մի բան արել, մեկ այլ բան ներկայացրել են: Որոշ ժամանակ անց պարզեցի, որ ընկերությունից հսկայական գումարներ են անհետացել: Մեր հարաբերությունները սրվեցին: Նրանք իմ գլխին սարքեցին, թե իբր ես պարտքեր ունեմ, իբր ես փողերի լվացմամբ եմ զբաղվել եւ ես նրանց պատճառով հայտնվել եմ անելանելի իրավիճակում: Ինձ գրեթե ամեն օր զանգում են, սպառնում, որ ձերբակալելու են: Այս ամենը կատարվում է ոմանց ցանկությամբ: Ուզում են խեղդեն, որ ամեն ինչ թողնեմ ու հեռանամ ԱՄՆՙ հանգիստ ապրելու: Բայց ես դա չեմ անի:

Սա սփյուռքահայերին թալանելու հերթական պատմություններից է: Սփյուռքահայերին, ովքեր այստեղ ներդրումներ են կատարում, թալանում են», ասել էր Հարությունյանը: Նույն թեմայի առնչությամբ Սեւակ Արծրունին հրաժարվել էր իրեն վերգրվող մեղադրանքներից` դրանք բնորոշելով որպես լկտի սուտ:

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքերով` ձերբակալման իրական պատճառն այն է, որ Հարությունյանը չի ցանկանում Երեւանի ժամացույցների գործարանում իրեն պատկանող 34 տոկոս բաժնեմասը վաճառել:

«Ֆրանկ Մյուլլեր հայտնի ընկերությունը ցանկանում է դառնալ ժամացույցների գործարանի 100 տոկոս բաժնետոմսերի տերը, իսկ Հարությունյանը մտադրություն չունի իր բաժնետոմսերը վաճառելու»: Փաստաբանը համոզված է, որ ընկերության տնօրենի, փոխտնօրենի եւ հաշվապահի ձերբակալությամբ փորձում են ստիպել Հարությունյանինՙ վաճառել իր բաժնետոմսերը:

Հիշեցենք, որ Նարեկ Հարությունյանը 2002-ին Երեւանում հիմնադրված «Նարեկացի» արվեստի միության հիմադիրն է: 2010-ից նա ղեկավարում է նաեւ հոր` Կարապետ Հարությունյանի «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերությունը, որը զբաղվում է սննդամթերքի ներկրմամբ: Բիզնեսին զուգահեռ Հարությունյան ընտանիքը բարեգործական ծրագրեր է իրականացնում Երեւանում, Շուշիում եւ Քարվաճառում: Քարվաճառում նրանք կառուցել են Քնարավան գյուղը եւ վերաբնակեցրել: Այսօր Քնարավանում բնակվող 15 ընտանիքների համար Հարությունյան ընտանիքը, բացի տներից եւ ֆինանսական օժանդակությունից, կառուցել է նաեւ դպրոց եւ բուժկետ` ամբողջ ծրագրի համար ծախսելով 550.000 դոլար: 2002-2010թթ. Հարությունյան ընտանիքի` Հայաստանում եւ Արցախում կատարած բարեգործական ներդրումների ծավալը գերազանցում է 3 միլիոն դոլարը: Երեւանում եւ Շուշիում գործող «Նարեկացի» արվեստի միություններում կազմակերպվել են 500-ից ավելի մշակութային միջոցառումներ: Շուշիում ուսանում է 100-ից ավելի երեխա:

Ի պաշտպանություն Նարեկ Հարությունյանի ստորագրահավաք է սկսվել «Նարեկացի» արվեստի միությունում:

Facebook սոցիալական ցանցում երեկվանից գործում է Free Nareg էջը, որին միացել է շուրջ 1.500 մարդ: Ի պաշտպանություն Նարեկ Հարությունյանի երեկ կոչով հանդես են եկել հեղինակ-կատարող Վահան Արծրունին, Տիգրան Խզմալյանը, Ժիրայր Սեֆիլյանը:

«Ազգ»-ը շարունակելու է իր տեսադաշտում պահել այս արտառոց եւ, դժբախտաբար, ոչ բացառիկ խնդիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4