«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2011-12-09 | #224, 2011-12-10 | #225, 2011-12-13


ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` «ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՑ» ԴՈՒՐՍ

Ընտրությունները ժողովրդավարության ամենաէական բաղադրիչն են, թեեւ կայացած որակվող ժողովրդավարություն ունեցող երկրներում անգամ այդ գործընթացը միշտ չէ, որ տեղի է ունենում արդար ու թափանցիկ: Սակայն, հասկանալի պատճառներով, այդ նույն ընտրությունները գործիք են կամ լծակ` ճնշումներ գործադրելու այն երկրների վրա, որոնք ուզում են պետությունների այս կամ այն «ակումբին» անդամակցել: Օրինակներ ինչքան ուզես, բայց հեռու չգնալով կարելի է բերել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, որոնցից, շատերի մեկնաբանությամբ, մեր երկրի ապագան է կախված:

Կայացողների հանդեպ ճնշման լծակները պահպանելու ցանկությունը կարելի է հասկանալ, թեկուզ Հայաստանի պարագայում: Սակայն երբ չճանաչված ու ինքնահռչակ որակվող երկրներում անցկացվող ընտրություններն էլ բուռն քննարկումների թեմա են դառնում` հասկանալը բարդ է, հատկապես որ քննարկումների ամենաակտիվ մասնակիցները հենց այն երկրների ներկայացուցիչներն են, որոնք խնդիրներ ունեն չճանաչվածների հետ:

Շատ տրամաբանական է հարցը, թե չճանաչելու կեցվածքով, ասենք, ղարաբաղյան, կամ հարավօսական, կամ աբխազական ընտրություններին մոտեցողներն ինչ հիմքով են դա անում: Մյուս կողմից, մնում է միայն քննարկողներին հուշել, որ մեկի գոյությունը չընդունելու դեպքում նրա գոյությանն առնչվող դատողությունները կարող են միայն վկայել ինքնախաբեության մասին. ուրեմն որոշ առումով ճանաչում են չճանաչվածներին, բայց այդ մասին` ոչ մի խոսք:

Այս կիրակի` դեկտեմբերի 11-ին Մերձդնեստրում նախագահական ընտրություններ էին անցկացվում, որոնց առնչությամբ ալարող-չալարող մեկնաբանություններ են անում, հետն էլ չեն մոռանում շեշտել, թե չեն ընդունում այդ ընտրությունները: Նախնական տեղեկատվական հոսքն այնպիսի տպավորություն էր թողնում, թե մերձդնեստրյան ընտրություններն անց են կացվում ամենակարեւոր երկրներից մեկում, քանի որ այդ հարցն ու դրա անընդունելի լինելն ուղղակի համատարածք բնույթ էին կրում:

Այն, որ Մերձդնեստրում նախագահական ընտրություններն ամենայն հավանականությամբ կավարտվեն երկրորդ փուլում եւ իշխանության կարող են գալ դեռեւս Իգոր Սմիռնովը կամ նախկին խոսնակ Եվգենի Շեւչուկը, առանձնակի չէր հետաքրքրում չճանաչված պետությունում ընտրությունների անընդունելիության մասին խոսողներին, թեեւ հստակ է, որ ժողովրդավարության բացակայության դեպքում երկրորդ փուլ անցկացնելն ուղղակի անհեթեթություն է: Բացի դրանիցՙ նախնական արդյունքները կհրապարակվեն միայն չորեքշաբթի այն պատճառաբանությամբ, որ բազմաթիվ բողոքներ են ստացվել ինչպես թեկնածուներից, այնպես էլ ընտրողներից:

Խառն ընտրական ու հետընտրական մի իրավիճակ էլ Հարավային Օսիայում է, որտեղ տեղի ունեցած ընտրությունները, կրկին չճանաչելու մոտեցմամբ, անընդունելի են համարում բոլոր պարապ ու զբաղված ատյաններն ու չինովնիկները: Այստեղ իրադարձություններն այնպես զարգացան, որ Հարավային Օսիայի Գերագույն դատարանը անվավեր է ճանաչել նախագահական ընտրությունների երկրորդ փուլն, ու մարտի 25-ին սպասվում են նոր ընտրություններ:

Իր տեսակով գուցե ոչ այնքան կրկնող, բայց Վրաստանում «վարդյա հեղափոխության» երեւացող «պատկերի» հետ նմանություններ ունեցող հարավօսական իրադարձությունները ամենայն հեշտությամբ կարող են ժողովրդավարական ձգտումներով բացատրվել, երբ դեկտեմբերի 10-ին երկրի ղեկավար Էդուարդ Կոկոյտին հրաժարական ներկայացրեց, իսկ դրան Ցխինվալի կենտրոնում գրեթե երկու շաբաթ սպասող ընդդիմությունն էլ համաձայնեց տուն գնալ ու պատրաստվել նոր ընտրություններին:

Թե այս ամենում դրսից ինչ ուժեր են մասնակցում եւ ինչ դրդապատճառներով` այնքան էլ կարեւոր չէ, եթե հաշվի առնենք, որ նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջաններում բռնություններ հաճախ են տեղի ունենում, ընդ որում` ոչ միշտ ներսից բխող նախաձեռնությամբ: Սակայն այդպես էլ հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ քննադատում ու բոյկոտում են հարավօսական, նաեւ մերձդնեստրյան, ժամանակին էլ նաեւ ղարաբաղյան ընտրությունները, երբ դրանք, այսպես թե այնպես, փորձ են այդ տարածքներում կարգուկանոն հաստատելու, ընդ որում` ժողովրդավարության հեռանկարով: Թե՞ չճանաչվածների հանդեպ այսօրինակ վերաբերմունք որդեգրած միջազգային հանրության ու անկախացած երկրների տարածքների հանդեպ հավակնություններ ունեցողների համար առավել նախընտրելի են անարխիստական կամ այլ կարգի աննորմալ ռեժիմները:

Տպավորություն կարելի է ստանալ, թե ժողովրդավարությունն էլ, ինչպես շատ բաներ աշխարհում, արտոնյալ «ակումբների» արտոնյալ «անդամների» համար է...

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4