«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջում (www.azadligradiosu. org) ԱԺՃ Նախիջեւանի նախկին ղեկավարի հետ հարցազրույցի արձագանքներից մեկը ձեւակերպված էր. «Իսկ ի՞նչ էիք ուզում, չէ՞ որ Հեյդար Ալիեւը ՊԱԿ-ի գեներալ էր, եւ նրան ռուսներն են կրկին իշխանության բերել»: Հարցազրույցում պատմվում է, թե ինչպես է «համաժողովրդական պահանջով» Հեյդար Ալիեւը դարձել Նախիջեւանի ինքնավարության ղեկավար:
Ադրբեջանի հանգուցյալ նախագահի անվան շուրջն ամենատարբեր պատմություններ են հոլովվում: Բայց ոչ ոք չի կարողանում պարզել, թե 1990 թ. նրան ինչպե՞ս է հաջողվել «դուրս պրծնել Գորբաչովի ճիրաններից» եւ հասնել նախ Բաքու, ապա` Նախիջեւան:
Պաշտոնական քարոզչությունը, որ հերթական անգամ դրսեւորվեց Հեյդար Ալիեւի մահվան տարելիցի կապակցությամբ, իրավիճակն այնպես է ներկայացնում, որ «համազգային առաջնորդը», հանդես գալով Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում, խստորեն դատապարտել է Բաքու զորքեր մտցնելու որոշումը եւ պահանջել, որ մեղավորները պատժվեն»: Դա տեղի է ունեցել 1990թ. հունվարի 21-ին, որից հետո Հեյդար Ալիեւը «դուրս է եկել ԽՄԿԿ շարքերից»:
Այլուր կարդում ենք, որ Բաքվի «անկարգությունների օրերին Միխայիլ Գորբաչովը, 1987 թվականից ի վեր առաջին անգամ զանգել է միութենական նշանակության թոշակառու Հեյդար Ալիեւին եւ պահանջել, որ վերջինս իր մարդկանց հեռացնի Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնից»: Կնշանակի` ԽՍՀՄ առաջնորդը տեղեկացված էր, որ Բաքվում զանգվածային «անկարգություններ» հրահրել եւ իրականացրել են Հեյդար Ալիեւի կողմնակից ուժերը: Իսկ դա իր հերթին հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատը Հեյդար Ալիեւի քաղաքական պրոյեկտն էր: Այդ կերպ, իրավիճակը մինչեւ պետական հեղաշրջում սրելով, նա ձգտում էր վերադառնալ Ադրբեջան: Կամ, առնվազն, Մոսկվայի աչքում ընդգծել իր կարեւորությունը:
Եթե ճիշտ է, որ Գորբաչովը պահանջել է, որ Հեյդար Ալիեւը զսպի իր մարդկանց, այսինքն` ԱԺՃ առաջնորդներին, ապա տրամաբանական է պատկերվում, որ «համազգային առաջնորդի» Ադրբեջան վերադարձը թույլատրվել է ամենաբարձր մակարդակով: Հակառակ դեպքում նույն Գորբաչովը, որ 1990թ. դեռեւս լիովին վերահսկում էր ԽՍՀՄ ուժային համակարգը, Հեյդար Ալիեւի նկատմամբ կսահմաներ վերահսկողության այնպիսի ռեժիմ, որը կբացառեր Բաքու մեկնելու ամենաչնչին հնարավորությունն իսկ: Կամ պետք է ընդունել, որ Գորբաչովի թիկունքում այդ ամենը կազմակերպել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեն:
Այսպես թե ոչ, մի բան ակնհայտ է. Հեյդար Ալիեւի կրկին իշխանության վերադարձը, որի համար Նախիջեւանի ինքնավարության Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը միայն հարթակ էր, տեղի է ունեցել խորհրդային կամ ռուսաստանյան քաղաքական վերնախավի նախաձեռնությամբ: Նվազագույնը` «լուռ համաձայնությամբ»:
Իշխանությանը վերատիրանալուց կարճ ժամանակ անց, սակայն, Հեյդար Ալիեւը «դարի գործարքը» կնքեց արեւմտյան նավթային ընկերությունների հետ: Այդուհանդերձ, թե՛ նրա, թե՛ Իլհամ Ալիեւի օրոք Արեւմուտքն Ադրբեջանի «եվրոկողմնորոշմանը» հավատ չի ընծայում: Ըստ երեւույթին, արեւմտյան քաղաքական շրջանակները փորձել եւ փորձում են «հավատարմության վերջնական երդում» կորզել Ալիեւներից, ինչը չի հաջողվում: Քանի որ այդ իշխանությունը չափազանց խոցելի է. բավական է, որ Մոսկվան բացահայտի Հեյդար Ալիեւի «երկրորդ գալստյան» գաղտնիքը, եւ Ադրբեջանը «ներսից կպայթի»:
Այսպիսով, Ալիեւների իշխանությունն Ադրբեջանում «ոչ տնից է, ոչ` շնից»: Մի ոտքով Արեւմուտքում է, մյուսով` Ռուսաստանում: Բայց քանի որ դա հիմնավորված, հանրային տրամադրություններն արտահայտող որոշում չէ, այլ իշխանությունն ամեն գնով պահելու նպատակադրվածությունից ածանցված կոնյունկտուրա, շատ դժվար է համաձայնել Բաքվում պաշտոնապես քարոզվող այն տեսակետին, թե «Հեյդար Ալիեւի իմաստնությունը կանխորոշել է զարգացման հեռանկարային ճանապարհ»:
Ըստ էության, Հեյդար Ալիեւին հաջողվել է լուծել իշխանությանը վերատիրանալու եւ այն իր կլանին փոխանցելու խնդիրը: Իլհամ Ալիեւը պետք է կարողանա ապացուցել, որ դա «միակ ճիշտ ընտրությունն էր»: Իսկ դա նրան չի հաջողվում այն պարզ պատճառով, որ ավելի է խորացել իշխանության եւ հասարակության միջեւ անջրպետը: Ամենակարեւորը, նրա քայլերը աջակցություն չեն գտնում հիմնական «խաղացողներից» եւ ոչ մեկի կողմից: Ապացույցը, թերեւս, մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ԱՄՆ պետքարտուղարի հրապարակային ելույթն էր, որտեղ Ադրբեջանի մասին հնչեցված են շատ խիստ գնահատականներ:
Այսու` «ֆենոմենալ» Հեյդար Ալիեւը բավական խախուտ քաղաքական ժառանգություն է թողել: Իսկ դրա «գործնականացման» յուրաքանչյուր քայլ բավական անհարմար վիճակ է ստեղծում «ժառանգորդի» համար:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ