«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2011-12-09 | #224, 2011-12-10 | #225, 2011-12-13


ԷՐԴՈՂԱՆԻ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԵՎ ԴԵՐՍԻՄՑԻՆԵՐԸ

Նախորդ համարներում Դերսիմի կոտորածի առնչությամբ պետության անունից վարչապետ Էրդողանի խնդրած ներողությանն անդրադառնալիս նշել էինք, որ դրա արձագանքները Թուրքիայում միանշանակ չեն: Թերեւս այդ առումով կարեւոր է դերսիմցիների մոտեցումը: Նրանք, ինչպես դեկտեմբերի 10-ին նշել էր «Ռադիկալը», դեռեւս 1935-ին Թունջելի վերանվանված Դերսիմում քաղաքապետարանի, շրջանային քաղաքապետարանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ հրավիրված հանրահավաքում կոտորածները բնութագրել են որպես ցեղասպանություն, մերժել են վարչապետ Էրդողանի ներողությունը, ապա եւ հրապարակել Դերսիմի բնակչության անունից 6 դրույթներից բաղկացած հռչակագիրը:

Ըստ հռչակագրի, դերսիմցիները պահանջում են մանրամասն ուսումնասիրել Դերսիմի կոտորածներն ու քաղաքական գնահատական տալ, բացահայտել կոտորածի համար պատասխանատվություն կրող պետական գործիչներին, հրապարակել տեղահանության ենթարկված ընտանիքների եւ այն աղջիկ-երեխաների ցուցակները, որոնք հանձնվել էին թուրք ընտանիքների խնամակալությանը, պատմաբանների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպույթունների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել «Իրողության ուսումնասիրման» հանձնաժողով, բացել պետական բոլոր արխիվները, ընդունել, որ Դերսիմում մարդկության դեմ հանցագործություն է կատարվել եւ պետության անունից ներողություն խնդրել Թուրքիայի ազգային մեծ ժողովում եւ պաշտոնապես վերականգնել Թունջելիի Դերսիմ անունը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4